Հասարակություն

Առաջին խնդիրը պաշտպանությունն է

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2014 թվականից սկսած պաշտպանիչ պատեր ու ապահով սենյակներ է կառուցում դպրոցներում ու մանկապարտեզներում:

Վազաշենի դպրոցը հաճախ է գտնվում թշնամու թիրախում: Դպրոցը հենակետի դեմ-դիմաց է: Վերջին կրակոցները սեպտեմբերի սկզբին են եղել:

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում թե  մեծի,  և  թե փոքրի ականջին անսովոր չէ կրակոցի  ձայնը: Թշնամու դիրքերից կրակոցներ կարող են լինել օրվա տարբեր ժամերին, շատ անսպասելի:  Վազաշենի  դպրոցը թշնամու թիրախներից մեկն է, գտնվում է հենակետի դիմաց:

Վերջին կրակոցները դպրոցի ուղղությամբ սեպտեմբերի առաջին օրերին են  եղել: Կրակոցների հետևանքով պատուհաններ են կոտրվել, գույք վնասվել, բարեբախտաբար երեխաները դպրոցում չեն եղել:

Սահմանի ուղղությամբ  գտնվող դպրոցի պատերին անհաշվելի են կրակոցների հետքերը:  Իրենք լավ են  տարբերում  թշնամու կիրառած զինտեխնիկայի միջոցները:
Վազաշենի դպրոցում դասերն անվտանգ կազմակերպելու նպատակով կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ  երկհարկանի դպրոցի արևելյան կողմի պատուհանների մի մասը  նեղացվել է, քարով շարվել: Դրանից հետո էլ է  թիրախ դարձել: Այս անգամ փամփուշտները չեն թափանցել դպրոցի պատուհաններից ներս, կպել են պատին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ներսում՝ թշնամու դիրքից դիտարկվող ճանապարհներին, մանկապարտեզներում և դպրոցներում  կառուցում է պաշտպանիչ պատեր  և ապաստարաններ:  Վազաշենի դպրոցի երեխաներն  արդեն գիտեն ինչ պետք է անեն, եթե թշնամին նորից կրակի գյուղի ուղղությամբ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով պաշտպանիչ պատեր և ապաստարաններ են կառուցվել Այգեպարում, Պառավաքարում, Մովսեսում, Կոթիում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանական և տնտեսական ապահովության բաժնի աշխատակից Արմեն Քարամյանը նշեց, որ մինչև օրս կառուցել են պաշտպանիչ 8 կառույց՝ ներառյալ ապահով սենյակներն  և պաշտպանիչ պատերը:


Ապաստարանները  հիմնականում նկուղային հարկերում են, ապահովված՝ ելքի ու մուտքի դռներով:  Դրանք   վերանորոգված են, լուսավոր, որտեղ տեղադրված են երկար նստարաններ:

Կարդացեք նաև

Back to top button