Հասարակություն

Պատվաստե՞լ, թե՞ ոչ. իրարամերժ են ոչ միայն ծնողների, այլեւ մասնագետների կարծիքները

Պատվաստումների նկատմամբ կարծիքները միշտ իրարամերժ են։

Ոմանք դա համարում են անհրաժեշտ, որոշ ծնողներ, ու ոչ միայն, կարծում են, որ համընդհանուր վակցինացիան անթույլատրելի է։

Պատվաստումների օգտակարության և վնասների մասին կարծիքներն ընդհանրացրել է «Ռադիոլուրը»:

Առողջ  հղիությունից հետո զրուցակիցս, ով չցանկացավ անունը հրապարակել, ունեցել է  թթվածնային քաղց ունեցող երեխա:  Պոլիկլինիկայում  պատվաստման ժամանակ զգուշացրել է, որ երեխան  ծնվել է թթվածնային քաղցով և մտահոգվել՝ պատվաստումից հետո  հնարավո՞ր են բացասական հետեւանքներ։ Բժիշկը հորդորել է չհրաժարվել: «Ոչ վերջինն ես, ոչ էլ առաջինը»՝ ասել է:  Սակայն պատրաստումից հետո երեխայի մոտ նկատվել են ցնցումներ: Հաջորդ պատվաստումներից հետո եղել են ցնցումներ, վարքի փոփոխություն: Վերջապես՝ ծնողը որոշել է հրաժարվել դրանից:

Ինչքան պատվաստման տարել ենք, ինքը լրիվ փոխվել է՝ կապրիզնիություն մի այլ կարգի, և ցնցումներ: Իսկ մեկ ու կես տարեկանի պատվաստումից հրաժարվելու եմ, շատ եմ լսում մահացության դեպքերի մասին:

«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ 29 տարեկան Նոննան, ամբողջ հղիության  ընթացքում կարդացել, ուսումնասիրել է պատվաստումների մասին, հաշվի առել շուրջը կատարվողը՝ հաշմանդամություն, մահացության  դեպքեր։ Որոշել է հրաժարվել պատվաստումներից:  Ծննդատանը պատվաստումից հրաժարվելու համար կասկածել են աղանդավոր լինելու մեջ, իսկ պոլիկլինիկայում մանկաբույժը շատ կոպիտ  է արձագանքել  այդ որոշմանը: Երեխան ունեցել է գլխուղեղի կիստա, ծնողն էլ  սա պատճառաբանելով է փորձել ազատվել բժշկի ճնշումներից:

«Տնեցիք լաց էին լինում, բա որ չպատվաստվի վատ լինի, ես լաց էի լինում, որ պատվաստվի ինչ կլինի: Դաժան օրեր ենք անցկացրել այդ պատվաստումների պատճառով»:

Արդեն 6 ամսական փոքրիկը, ծնողի բնորոշմամբ, առողջ է մեծանում: Նոննան ավելի շատ վախենում է պատվաստումների հետևանքներից:  Ծնողները, որոնց հետ զրուցել եմ, միաձայն դժգոհում էին, որ երեխաներին մինչ պատվաստումը չեն  կատարում համապատասխան  զննում: Ինչպես Նոննան է նշում, բազում գրականություն է կարդացել, որտեղ  մատնանշված է, թե ինչ  մետաղների քանակի ավելցուկի և պակասի դեպքում է պետք  կատարել պատվաստումը:


Միայն  ծնողի հետ հարց ու պատասխան է՝ ջերմություն ունեցել է, գրիպ չէ և այլն, իսկ սա բավարար չէ: Հոգեբան Սոֆիա Հովսեփյանն էլ, ով աշխատում է կրթության  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների հետ, եկել  է այն եզրակացության, որ  պատվաստանյութերը  միգուցե իրենց որակի պատճառով բերում են առողջական խնդիրների, կամ էլ արթնացնում են  երեխայի մոտ  եղած  խնդիրները: Նա էլ է համամիտ, որ  մանրակրկիտ հետազոտությունից հետո պետք է պատվաստեն:

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր հերթին նշում է, որ բժշկի պարտավորությունն է մինչ պատվաստումը  կատարել որոշակի զզնում՝ օրինակ լսել թոքերը, չափել ջերմությունը, հարցուփորձ անել ծնողին։

Շատ դեպքերում ծնողներն իրենք  պետք է պահանջեն  մանկաբույժին  պատասխանել իրենց անհանգստացնող հարցերին և կատարեն գործիքային զննումներ: Սակայն ինչ վերաբերում է  լաբորատոր  հետազոտությանը, ապա, ըստ ԱՆ ներկայացուցյի, դրանք նախ չեն առաջարկվում միջազգային պրակտիկայում, հետո էլ ոչինչ չեն փոխի:


Որոշ պատվաստումներ ամբողջ կյանքի համար են, որոշները՝ ոչ: Օրինակ ԿԿԽ պատվաստման մեկ դեղաչափը 95 տոկոսով պաշտպանում է հիվանդություններից և դա ամբողջ կյանքի համար է: Որոշների մոտ կարող է այդ պաշտպանությունը լիարժեք չառաջանալ։

Այդ դեպքում առաջարկվում է կրկնակի դեղաչափ՝ ասում է: Կարծիք կա, որ վարակիչ հիվանդություններով վարակվելու դեպքում իմունային համակարգն ավելի է ամրապնդվում, իսկ պատվաստանյութը իմունային համակարգին թույլ չի տալիս ամբողջությամբ գործել: Գայանե Սահակյանը պնդում է՝ դա ոչ մասնագիտական հիմնավորում է:

«Բնական ճանապարհով պատվաստված  երեխան հիվանդանում է վիրուսով»:

Արդյո՞ք Հայաստանն ունի այն հնարավորությունները, որ  պոլիկլինիկաները համալրեն  որակյալ  պատվաստանյութերով. հարցին բանախոսը պատասխանեց, որ  մեկ անգամ տեսնելով ազգային պահեստի ամբողջ պարունակությունը, որակի մասին խոսելը կլինի  անիմաստ:

Պատվաստումները հիմնականում արևմտաեվրոպական երկրների արտադրության են։

Կարդացեք նաև

Back to top button