
Ջավախի Գումբուրդո գյուղում այսօր բախումներ են տեղի ունեցել գյուղացիների եւ ոստիկանների միջեւ։ Խնդիրը հարթելու նպատակով դեպքի վայր է ժամանել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին՝ հայտնում է jnews.ge- ն։

Գյուղացիների եւ ոստիկանների դիմակայությունն սկսվել է առավոտյան ժամը 11- ին։ Բնակիչները ցանկացել են 10- րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել։ Եկեղեցին այժմ վերականգնվում է եւ ոստիկանները նրանց թույլ չեն տվել բակ մտնել։ Իրավիճակը դրանից հետո լարվել է, գյուղ են բերվել հատուկ նշանակության ուժեր։ Ուժայինների եւ բնակիչների միջեւ բանակցությունները վարում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը։jnews.ge- ը հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնատար անձանց եւ գյուղի մի քանի բնակիչների հետ մտել է եկեղեցի։

Բանակցություններից հետո պատգամավոր Սամվել Մանուկյանը Ախալքալախի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը բնակիչներին հայտնել են, որ նախարարը խոստացել է դիմակայության ժամանակ ձերբակալված երկու համագյուղացիներին ազատ արձակել, իսկ խաչքարի տեղադրման հարցը պետք է որոշեն հոգեւոր առաջնորդները։




