

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Իրաքյան Քրդստանի իշխանությունը, անկախության հանրաքվեի կազմակերպմամբ, իրեն կրակն է գցել և դրա հետևանքով լավ կայրվի»:
Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Իրաքյան Քրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին նման քայլ կատարելուց առաջ այդ հարցը հարևանների ու պաշտոնական Բաղդադի հետ չքննարկելու համար։
«Հյուսիսային Իրաքում՝ նստածդ տեղը, ամեն ինչ ունես. փող ունես, նավթ ունես, հանգիստ նստիր տեղդ», — հեգնել է Էրդողանը Բարզանիին:
Ինչ զարգացումներ կարող են լինել ու ինչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը այս իրավիճակում:
Իրաքյան Քրդիստանում անկախության հանրաքվեի վերջնական արդյունքներով քրդերի 92.73 տոկոսը այո է ասում անկախությանը և ընդամենը՝ 7.2 տոկոսն է դեմ արտահայտվել:
Այդուհանդերձ դեռ վերջնական որոշում չկա Իրաքյան Քրդստանի անկախության հարցում, ու այս անորոշ վիճակում Իրաքի կառավարությունը Քրդստանի տարածաշրջանի համար վերջնաժամկետ է սահմանել 72 ժամ՝ երկրի հյուսիսային սահմաններն ու օդանավակայանները կենտրոնական կառավարությանը հանձնելու համար, այդ տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիը նիստ է գումարել և որոշել՝ նախքան վերջնաժամկետի ավարտը բանակցել Բաղդադի կառավարության հետ:

Թուրքիան էլ չի բացառել ուժային տարբերակի կիրառումը՝ թույլ չտալու համար Քրդստանի անկախությունը։ Ինչ քայլեր կհաջորդեն հանրաքվեին պարզ չէ, և այս անորոշ իրավիճակում ինչ դիրքորոշում պետք է ունենա ՀՀ-ն:
Հարցը կարևորվում է՝ հաշվի առնելով Արցախի միջազգային ճանաչման հարցը: Արդյոք Երևանը պետք է ճանաչի Իրաքյան Քրդստանի անկախությունը, ինչը Արցախի անկախության ճանաչման համար լավ ֆոն կստեղծի, և կարիք կա՞ արդյոք տեղի հայկական համայնքի միջոցով առաջ տանելու այդ հարցը: ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դժվարանում է պատկերացնել ապագան:
Զգուշանում է անգամ առաջարկների հարցում. «Պետք է զգույշ լինել, մենք չգիտենք նրանց քայլերը»:
Իրաքում ունենք 4 հազարանոց հայկական համայնք որից միայն քիչ մասն է բնակվում Քրդստանի տարածքում, 600 հայ է մասնակցել հանրաքվեին:
Մինչև ուր կարող է տարածվել այս ճանաչման գործընթացը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը լուրջ մտավախություններ ունի այս հարցում:
Թուրքիան լուրջ վնասներ կարող է կրել` չընդունելով Քրդստանի անկախությունը, քանի որ մեծ է Իրաքյան Քրդստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը: Այնպես որ, Էրդողանի սպառնալիքները կարող են վնասել հենց Թուրքիային, կարծում է թուրքագետը:
Բայց դա մեզ որևէ օգուտ չի բերի, ըստ թուրքագետի, քանի որ արևմտյան Հայաստանի շրջանների տեղանունները փոխել են քրդերը:




