Հասարակություն

Օտար լեզուների մոդան եւ սեզոնայնությունը Հայաստանում փոխվում է

Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը եւ գերմանախոս հաստատությունները Շվեյցարիայի դեսպանության և գործընկեր կազմակերպությունների  հետ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը անցկացնում են «Գերմաներենի շաբաթ» միջոցառումների շարքը:

Այն ներառում է ընթերցումներ, կինոցուցադրություն, ինչպես նաև երաժշտական միջոցառումներ, ֆուտբոլային մրցաշար և ակումբային հարցախաղ։ Մեր երկրում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր նկատել է՝ Հայաստանում գերմաներենի ուսուցումը հին ավանդույթ է, իսկ լեզվի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է:

Ինչ միտումներ կան այսօր լեզուների հայաստանյան «շուկայում», առաջարկ-պահանջարկ մեխանիզմն ինչպես է փոխել լեզուների հանդեպ հետաքրքրությունը, եւ ինչու են լեզուները սեզոնային պահանջարկ ձեռք բերել:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի՝ ֆրանսախոսության հին ու զարգացած ավանդույթներ կան. բարեկամ երկրի լեզուն էլ բարեկամ է թվում: Ֆրանսերենի հանդեպ հայ ուսանողների հետաքրքրությունը թեեւ զիջում է անգլերենին՝ հասկանալի պատճառներով, այդուհանդերձ, այդ լեզուն շարունակում է լայն պահանջարկ վայելել: Ինչ վերաբերում է գերմաներենին, ապա այս լեզվի լայն տարածումն ապահովելու տարբեր ծրագրեր են իրականացվում:

Դրանցից ամենավերջինն ու նշանակալիցը ներկայացնում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Հարավային Կովկասում մինչ այժմ գործող միակ՝ Թբիլիսիի Գյոթե ինստիտուտից բացի՝ մինչեւ այս տարեվերջ Երեւանում կբացվի Գյոթեի անվան կենտրոն: Այն երկու հիմնական գործառույթ կունենա՝ մշակութային եւ լեզվական՝ նպաստելով նաեւ գերմանական մշակույթի ու լեզվի տարածմանը:

«Հայաստանում գերմաներենի ուսուցումը հին ավանդույթ է, իսկ այսօր լեզվի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է»:

Որ լեզուներն են այսօր առավել պահանջարկված, ինչ է պահանջում այսօր շուկան, եւ արդյո՞ք արեւմտյան լեզուները շարունակում են ամենամոդայիկը մնալ: Զրուցակիցս Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանն է:

«Հետաքրքրությունը մեծացել է բոլոր լեզուների հանդեպ՝ թե արեւմտյան, թե արեւելյան: Վերջին տարիներին մեր համալսարանում կտրուկ աճել է հետաքրքրությունը չինարենի եւ կորեերենի հանդեպ: Դրա պիտանելիությունն ուսանողներն արդեն զգացել են»:

Զրուցակիցս անկեղծանում է՝ ժամանակին, երբ կորեերենը մեծ ջանքերի գնով նոր էր սկսել դասավանդվել լեզվաբանական համալսարանում, կարիք կար ուսանողներին երկար բացատրել ու անգամ համոզել՝ այդ լեզվին նախապատվություն տալու ու այն եվրոպական լեզուներից գերադասելու համար: Արդյունքները երկար չսպասեցրին: Հետաքրքրությունն այսօր այդ լեզվի հանդեպ զգալիորեն ավելացել է. տարիների դասավանդման պրակտիկան է ցույց տալիս: Կորեերենի մասնագետները գալիս են Հայաստան ժամանակավոր ու մնում նախատեսվածից երկար:

«Այսօր աշխատաշուկայում  կորեերենի եւ չինարենի մասնագետները բարձր պահանջարկ են վայելում. տարբեր առեւրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ են բացվում»:

Այսօր շատ տարածված է նաեւ արաբերենի ուսուցումը։ Լեզվի կարեւորությունը շեշտադրվում է հատկապես Սիրայից եւ Լիբանանից մեր հայրենակիցների վերադարձի եւ արաբական երկրների հետ հարաբերությունների սերտացման առումով, սակայն այս լեզվի ուսուցման հնարավորությունների ընդլայնման կարիք կա:

«Այն հետաքրքրությունը, որ այսօր դրսեւորում են ուսանողները կորեերենի եւ չինարենի հանդեպ, ես չեմ տեսնում արաբերենի հանդեպ»:

Թուրքերեն եւս դասավանդվում է օտար լեզուների համալսարանում եւ դասավանդվում է հաջողությամբ՝ մանրամասնում է Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը: Դասավանդման որակը գնալով բարձրանում է, ասում է ու ուշագրավ մի դիտարկում անում:

«Թուրքերենի հանդեպ կա հետաքրքրություն ոչ միայն ակադեմիական ոլորտում, այլեւ մարդիկ շատ դեպքերում նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել հարեւան երկրում: Որպես լեզվի մասնագետ՝ լեզուների հանդեպ հետաքրքրության նաեւ սեզոնային միտումներ եմ նկատել: Օրինակ՝ ամռանը մեծանում է հետաքրքրությունը վրացերենի եւ թուրքերենի հանդեպ: Մարդիկ գերադասում են գոնե շփվելու ու հաղորդակցվելու համար որոշակի բառապաշար ձեռք բերել»:

Այսօր ավելի ճկուն եւ աշխատաշուկայում առավել պահանջարկված են հենց օտար լեզուներին տիրապետողները: Որքան ավելի հեռանկարային եւ պիտանի լեզու է ընտրվում, այդքան ավելի լայն են հետագա հնարավորությունները: Իհարկե, կա անհատական հետաքրքրության գործոնը եւս, բայց ժամանակից մի փոքր առաջ ընկնելով եւ զարգացումները կանխատեսելով՝ կարելի է մեկ քայլ առաջ սկսել սովորել լեզու՝ անգամ տարակուսանք առաջացնելով ընտրության հարցում: Այդպես էր, օրինակ, կորեերենի դեպքում, մանրամասնում է Լուսինե Ֆլջյանը:

Կարդացեք նաև

Back to top button