

Նալբանդյան — Մամեդյարով հանդիպումը և դրան հաջորդած ՄԽ հայտարարությունը հարց է առաջացնում, ինչո՞ւ չխոսվեց անվտանգության պահպանման համար այդքան կարևոր հետաքննության մեխանիզմների ներդրման ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ու գրասենյակների ավելացման մասին, այլ շեշտադրվեց բանակցությունները վերականգնելու հարցը:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, փարատելով կասկածները, թե արդյոք դա նշանակում է, որ Երևանի համար ևս Վեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը ստորադասվել է բանակցությունների անցկացմանը՝ նշեց.
«Բոլորի համար ակնհայտ է որ մինչև վստահության մթնոլորտը վերականգնվի առաջընթաց չի լինելու: Այնպես որ, նրանք, ովքեր ցանկանում են առաջընթաց, պետք է կարողանան պարտադրեն»:
Իսկ վստահության համար հակառակորդը չպետք է կրակի սահմանագոտում, և հետաքննության մեխանիզմները զսպող միջոց կարող է լինել Բաքվի համար:
Իսկ կկայանա արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, ինչի մասին հայտարարության տեքստում նշել էին միջնորդները: Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Հայաստանում որևէ հանդիպումից չեն խուսափում, սակայն որոշում դեռ չկա:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ, քաղաքագետ Գագիկ Հովհաննիսյանի կարծիքով միջնորդների այս վերջին հայտարարությունը ավելի անկեղծ էր:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ապրիլից հետո կարևորվող խաղաղության ու անվտանգության պահպանման հարցը, ինչն առաջնահերթ էր, կարծես հետին պլան է մղվում.
«Արդյոք սա նշանակում է, որ ՄԽ-ը համակերպվել է Բաքվի մոտեցման հետ, որ Ադրբեջանը թույլ չի տալիս իրագործել պայմանավորվածությունները, թե շատ լուրջ բան է տեղի ունենում, որը պետք է հասկանալ և ուրվագծել անելիքները»:
Նրա կարծիքով՝ ՄԽ-ը հոգնել է և միջոցներ չունի Բաքվի դիմադրությունը ճեղքելու համար: Նրանք չկարողացան անգամ ԵԱՀԿ գրասենյակները փակելու դեմ քայլեր ձեռնարկել՝ ասաց, եզրակացնելով, թե դա փախուստ է, ինչը լավ չէ ՀՀ-ի համար:
Սաֆարյանն այդուհանդերձ մտածում է, որ գուցե այս ճանապարհով միջնորդները փորձում են օրակարգ բերել Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հարցը, ինչն այսօր պարզորոշ չի երևում:




