

Վերջերս մեծ էկրան բարձրացավ Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմը երկու լեզվով: ֆիլմի նկարահանումներն իրականացվել են սահմանամերձ Խաչիկում՝ գյուղի բնակիչների մասնակցությամբ։ Ֆիլմում նկարահանվել են Պատրիկ Շենեն, Արսինե Խանջյանը, Նարեկ Դուրյանը, Ստեփան Ղամբարյանը և այլք:
Երկու տարի առաջ սահմանամերձ Խաչիկ գյուղը երկու ամիս շարունակ վերածվել էր մեծ կինոհրապարակի։ Այստեղ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը ֆիլմ էր նկարահանում: «Նա, ում սպասում էին». ֆիլմի սյուժեն ծավալվում է հայ- ադրբեջանական սահմանին: 
Ադրբեջան ժամանած դերասան Ժան-Պոլ Բոլզեկը հանգամանքների բերումով անսարք տաքսիով հայտնվում է սահմանամերձ տարածքում։ Ստիպված է ոտքով անցնել որոշ տարածություն և առանց իմանալու հատում է Հայաստանի սահմանը՝ հայտնվելով Խաչիկում։ Գյուղացիները սկզբում նրան ադրբեջանական լրտեսի տեղ են դնում, հետո ուսումնասիրելով վերջինիս անձնագիրը՝ հայտնաբերում, որ ֆրանսիացի է։
Որոշ ժամանակ անց գործողություններն այնպես են զարգանում, որ գյուղացիները կարծում են, թե նա երկար սպասված այն անձնավորությունն է, ով պետք է ներդրումներ կատարի իրենց գյուղում: Նրանք ավելի քան համոզված էին, որ հերոսը գյուղի առասպելներից ծնված ու վաղուց սպասված ֆրանսահայ բարերարը Բոլզաքյանն է։
Նույն այդ առասպելի՝ եղեռնից մազապուրծ հայի զավակը վերադարձել է հայրենիքը շենացնելու:Ֆիլմում ներկայացված են ֆրանսիացի դերասանի շփումները գյուղացիների հետ: Հերոսը հայերեն, գյուղացիները ֆրանսերեն չգիտեն, բայց կամաց-կամաց սկսում են հասկանալ միմյանց: Ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ զրուցում ենք արդեն երևանյան պրեմերայից հետո:
Նկատում ենք, որ սա քաղաքական ենթատեքստ ունեցող ֆիլմ է: Ավետիքյանը որոշ առումով համաձայնում է, որոշ առումով՝ ոչ։ Ասում է, որ պատրաստ է լսել բոլոր փաստարկված քննադատությունները, քանի որ այս ֆիլմը պետք է նայել մի քանի դիտանկյունից՝ մարդիկ, որոնք մտածում են, որ մեր հույսը միայն դրսի ուժերն են, մարդիկ որոնք պարզապես ծիծաղում են ու վայելու ֆիլմը, եւ մարդիկ, որոնք մտածում են, որ այս ֆիլմը կոռուպցիայի մասին է:
Ավետիքյանն ասում է, որ երկու ամիս շարունակ ֆիլմի ամբողջ անձնակազմը ապրել է գյուղացիների տանը, նախաճաշել նրանց հետ, կիսել կենցաղը։ Ասում է, որ գյուղացիները ամեն հարցում օգնում էին իրենց ու այդ ամիսների ընթացքում գյուղն ապրում ու շնչում էր ֆիլմի ստեղծագործական խմբի հետ միասին:
Կադրում դերասան Ստեփան Ղամբարյանն է, ով արդեն համագործակցել էր Սերժ Ավետիքյանի հետ։ Դերասանը «Ռադիոլուր»-ին պատմում է, որ երկու ամիս հագեցած ու արկածներով լեցուն նկարահանման օրեր են ունեցել։ Նա ինչ- որ առումով համաձայն չէ ֆիլմի կոնցեպտի հետ։ Համոզված է՝ չպտեք է սպասել դրսի ուժերին։
«Հույսներս պետք է դնենք ինքներս մեզ վրա ու այդ դեպքում կլինենք հզոր»:
Ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել Խաչիկ գյուղի ֆուտբոլի դաշտում: Որպես նստարաններ ծառայել են խոտի հակերը։ Նշենք, որ երևանյան պրեմիերային ներկա էր նաև դրամատուրգ Կարինե Խոդիկայնը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ Սերժ Ավետիքյանը գուցե ցավոտ, բայց խփել է ճիշտ նշանակետին:
Ի դեպ, մինչ հայաստանյան պրեմիերան, ֆիլմն արդեն հասցրել են դիտել Ֆրանսիայում, ներկայացվել է Մինեապոլիսի փառատոնում, արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։




