Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ

Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյի հետ:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՄՃԽ ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղություններն ու կատարվող հետազոտությունները։

Էդվարդ Նալբանդյանը, կարևորելով միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունը, շեշտել է, որ կազմակերպության կողմից պատրաստվող զեկույցները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների, անաչառ վերլուծությունների վրա, հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերի կարծիքները, իրենց նպաստը բերեն համաձայնեցված ձևաչափերում իրականացվող բանակցային գործընթացներին՝ ուղղված հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։

ՄՃԽ նախագահի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը, ինչպես նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում տեղ գտած միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները:

Կարդացեք նաև

Back to top button