Տնտեսական

26-ամյա Հայաստանի տնտեսական ձեռքբերումներն ու բացթողումները


Ինչպես 26 տարի առաջ, այնպես էլ այս օրերին Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ մարտահրավերների  ու  չլուծված խնդիրների առջև է կանգնած՝  6 մլրդ դոլարի շեմը հատող  արտաքին պարտք, գործազրկություն, արտագաղթ: Նորանկախ Հայաստանի տնտեսական ձեռքբերումներն ու բացթողումները «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում: 

Անկախության 26 տարիներ, տնտեսության համար դժվարին շրջան, որն իր արտացոլումը գտավ բոլորիս կյանքում: Նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հիշում է՝  իշխանության  ղեկը ստանձնելիս՝  երկրի տնտեսությունն արդեն աղետալի վիճակում էր՝ փլուզվող ԽՍՀՄ, 1988-ի երկրաշարժի աղետալի հետեւանքներ։ Համաշխարհային շուկայում 1990-ականների սկզբին, ինչպես այժմ, նավթի գները նվազել էին: «Հինը քանդվել էր, նորը դժվարությամբ էր ստեղծվում»,- ասում է:

ԽՍՀՄ տարիներին գործարանները  Հայաստանում էին, սակայն մերը չէին, արտադրանքը Ռուսաստանինն էր։ Այսօր արդեն 26 տարի անց  Վազգեն Մանուկյանը խոստովանում է՝ որոշեցին  ու դժվարությամբ այդ գործարանները դարձրեցին Հայաստանի  սեփականությունը:

Համարձակ որոշում, որը  Կրեմլի հետ առճակատման հիմք դարձավ: Սա միակ որոշումը չէր. «Մեր ժամանակ հողի սեփականաշնորհումը կատարվեց, արդյունաբերության սեփականաշնորհումը չկատարվեց: Ես ԱԺ տարբեր խմբակցությունների հետ մեծ վեճերի  մեջ էի, քանի որ ես կտրականապես դեմ էի վաուչերային սեփականաշնորհմանը»:

Իրենք դեմ էին վաուչերային սեփականաշնորհմանը, քանի որ  այս դեպքում գործարանների սեփականատերեր  կարող էին դառնալ նրանք,  ովքեր  նման հնարավորություն ունեին, սակայն որևէ կապ չունեին Արցախյան շարժման հետ՝ մեկնաբանում է առաջին վարչապետը։

Զրուցակիցս այն կարծիքին է, որ նույն այդ տարիներին կային մեծ գործարաններ՝ շուրջ 20 գործարան, որոնք ընդհանրապես պետք չէր սեփականաշնորհել: Ինչևէ, գործարանների սեփականաշնորհումը կատարվեց:  Այսօր էլ, ի դեպ, երբ կառավարությունը որոշել է բազմաթիվ շենք-շինություններ մասնավորեցնել, տնտեսագետների մի մասն առաջարկում է դրանք վաուչերային սկզբունքով մասնավորեցնել:

Տալոնով հաց. նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին տարիները այսպիսին են շատերիս հիշողության մեջ: Եվ ով ավելի  օբյեկտիվ կներկայացնի  սոցիալական  իրավիճակը, եթե ոչ հենց այն  պաշտոնյան, ում որոշմամբ էլ հացը նորմավորվեց: Խոսրով Հարությունյանը  Հայաստանի վարչապետ նշանակվեց 1992 թվականի  օգոստոսի մեկին:  Երեք օր անց  փակվեց Հայաստանն արտաքին աշխարհին   կապող վերջին ու միակ ճանապարհը`աբխազական երկաթգիծը:


«Հայաստանը հայտնվեց խուլ, սարսափելի շրջափակման մեջ»,- հիշում է Խոսրով Հարությունյանը: Իրավիճակը բարդանում է, երբ պարզվում է, որ նորանկախ երկրում չկան  հացի պաշարներ: Որպես արմատական որոշում հիշեցնում է ՝  Թուրքիայից  38 մլն էքյուի դիմաց  աջակցություն են  խնդրել.

«Հացի խանութների մոտ սարսափելի հերթեր էին գոյացել: Իմ նշանակման երկրորդ, թե երրորդ օրվանից  ամեն օր, ամեն ժամ ՀՀ վարչապետը զբաղվում էր հացի խնդրով: Եթե չնորմավորեինք, նույնիսկ այդ եկած օգնությունը կարող էր փոշիանալ: Երաշխիքների միակ ճանապարհը տալոնավորումն էր: Պետք է ասեմ, որ կառավարությունում մեծ էր դրան հակառակ մոտեցումը: Շատերը դա կոմունիստական մոտեցում էին որակում: Իսկ ես շատ պարզ մի բան էի ասում, ասում էի՝ ժողովուրդը պետք է համոզված լինի, որ այս ծանր պայմաններում պետությունը կարող է կանգնել իր կողքին: Նոյեմբերի 16-ից մենք մտցրեցինք հացի տալոնավորումը: Հաջորդ օրը հացի հերթերը վերացան, յուրաքանչյուրը երաշխավորված իր հացն ուներ»:

Փողային սեփականաշնորհում, գանձապետական համակարգի ստեղծում, գյուղատնտեսությունում վերամշակման ոլորտի զարգացում, իսկ ամենակարևորը աղետի գոտու ընդհատված շինարարության վերսկսում: Թվարկվածը Հայաստանի 1998 թվականին ձևավորված նոր կառավարության իրականացրած ծրագրերի  մի մասն է:  Սա նաև մեր 26-ամյա անկախ պետության տնտեսության  անբաժան մասն է: Նորանկախ Հայաստանի  վարչապետերից Արմեն Դարբինյանը  պաշտոնը ստանձնելիս տնտեսության առջև բազմաթիվ խնդիրներ էին ծառացել.

«Տնտեսությունում գոյություն ունեին բազմաթիվ պարտքեր, չվճարված աշխատավարձեր, բյուջեի տեսակետից բավականին դժվար վիճակ էր, փորձեցինք դա հաղթահարել, շատ ավելի  հստակ, զսպված, բայց և կազմակերպված հարկաբյուջետային քաղաքականությամբ»:

Արմեն Դարբինյանն այն կարծիքին է, որ իրենց հաջողվեց գրագետ քաղաքականություն վարել ու դուրս գալ 1998 թվականի ճգնաժամային իրավիճակից: Հայաստանն այսօր էլ պարտք ունի՝ մոտ 6 մլրդ դոլար, սակայն պատասխանատուները վստահեցնում են՝ անհանգստանալու կարիք չկա: Պարտքը կառավարելի է:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն այսօր արդեն տնտեսական դաշտում կարեւորում է երկու խնդիր: «Պարտքով ապրող ազգ ենք, մյուսը՝ գործազրկությունն է»:

Կայուն աշխատատեղ է պետք է ստեղծել՝ ընդգծում է տնտեսագետն ու նշում՝ պետք է դրանք ստեղծելու հնարավորություններ գտնել։ Բացթողումներ՝  կան:

«Ամենամեծ բացթողումն այն է, որ կրթություն-տնտեսություն կապը այդպես էլ չենք ստեղծել: Կրթված մասնագետի խնդիր ենք ունենալու»:

Այսօր էլ՝ 26  տարի անց սոցիալական խնդիրների պակաս չունենք:  «26 տարվա  ամենամեծ   ձեռքբերումն այն է, որ անցել ենք շուկայական տնտեսության՝ ի տարբերություն շատ այլ երկրների»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն ու  հավելում՝ մասնավոր բիզնեսն այս ընթացքում կայացավ: Նորանկախ  Հայաստանի  վարչապետերից  Արմեն Դարբինյանն այսօր  բացթողումներից ու ձեռքբերումներից երկար կարող է խոսել:

 

Զրուցակիցս ընդգծում է՝ հաջողությունների վրա հիմնվելով պետք է հասնել նոր հաջողությունների։

Կարդացեք նաև

Back to top button