Միջազգային

ԱԺ պատգամավորը՝ Իրաքյան Քրդստանի սպասվող հանրաքվեի մասին

Աշխարհի գերտերությունները հետ են քաշվել, ու միայն Իսրայելն  է սատարում Իրաքյան Քրդստանի անկախության հանարքվեի անցկացմանը: Իրավիճակը լարված է և պայթյունավտանգ: Թուրքիան սպառնալից հայտարարություններ է անում, Իրանը պնդում է ոչ թե հետաձգել, այլ չեղյալ հայտարարել հանրաքվեն, քրդերը սակայն կազմ ու պատրաստ սպասում են սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին: Հայաստանում քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի կարծիքով՝ անկախության հանրաքվեից նահանջը կործանարար կլինի Իրաքյան Քրդստանի համար:

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն տագնապ է առաջացրել հարևան երկրներում: Իրանը կտրականապես դեմ է հանրաքվեին, Թուրքիան խռովված է,  Իրաքը, բնականաբար, դեմ է: Պատճառն այն է, որ այս երկրները քրդաբնակ շրջաններ ունեն և դրանցից մեկում՝ Իրաքում քրդերի անկախության հռչակումը կարող է դոմինոյի էֆեկտով տարածվել մյուս երկրներում:

Նշվում է, թե իբր հանրաքվեն կարող է սրել իրավիճակն առանց այն էլ  անկայուն այդ տարածաշրջանում: Իրաքից նոր է վերադարձել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ և հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ այնտեղ իրավիճակն առանց այդ էլ լարված է, և խաղն է թելադրելու, թե ինչպիսին կլինի իրադրությունը և ինչ զարգացումներ կարձանագրվեն:

«Թուրքիայում վաղը խորհուրդ կհրավիրվի ու Թուրքիայի որոշումը կկայացվի»:

Եթե նախկինում Թուրքիան չեզոքության կողմնակից էր, այսօր պնդում է, որ ոչ թե հետաձգվի հանրաքվեն, ինչպես հորդորում են գերտերությունները, այլ չեղյալ հայտարարվի:

Տարօրինակն այն է, որ Թուրքիայի ու Իրաքյան Քրդական ինքնավարության միջև լայն համագործակցություն կա. առևտրաշրջանառությունը բավականին ակտիվ է, և նման պայմաններում համագործակցությունը դադարեցնելու փոխադարձ սպառնալիքներ են հնչում։ Շատերի կարծիքով՝ Անկարան «Ոչ» է ասում հանրաքվեին, սակայն իրականում «գլխով այո»- ի նշան է անում քրդերին:

Ի դեպ՝ այսօր Վահրամ Պետրոսյանը հիշեցնում է, որ 2005 թվականին Իրաքյան Քրդստանը հանրաքվե անցկացրել էր, ինչի արդյունքում նյութական ձեռքբերումներ է ունեցել.

«2005 թվականին Իրաքյան Քրդստանն հանրաքվե անցկացրել է: Եվ բոլորին պարզ էր, որ սա սակարկելու համար է: Եվ դրա արդյունքում  ստացավ դիվիդենտներ. մնալով Իրաքի կազմում, քրդերը ստացան Իրաքի նավթային  շահույթի 17 տոկոսը: Դա կարեւոր է, քանի որ այդ 17 տոկոսը տարբեր տարիներին կազմել է 9-13 մլրդ»:

Սակայն այն ժամանակ վիճելի տարածքների հարցը չլուծվեց , ու այս հանրաքվեն վճռելու է նաև դա։ Քրդստանը կկազմի 80 հազար ք/կմ հիմնականում նավթաբեր ու գազային պաշարներով հարուստ տարածքներ։

Որքանով է հավանական, որ սեպտեմբերի 25-ին նախատեսված հանրաքվեի արդյունքների դիմաց իրաքյան Քրդստանը գործարքի գնա՝  այլ շահավետ պայմանների դիմաց: Հայաստանում քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովն այս հարցում կարճ է ձևակերպում ՝«կամ մահ, կամ ազատություն»։ Անկախ նրանից՝ պատերազմ կլինի, թե ոչ, հանրաքվեն պետք է  անցկացվի՝ ասում է.

«Այսօր հետ գնալը կնշանակի քրդերի կործանում»:

Թուրքիայում այսօր 20 մլն քուրդ է բնակվում, Իրանում 10-12 մլն, Սիրիայում՝4 մլն, ընդհանուր առմամբ աշխարհում 50 մլն քուրդ կա և նրանք անկախ երկիր են ուզում: Թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը՝ պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում:

Հայաստանի համար իրավիճակը հետաքրքրական է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման տեսանկյունից: Սա օրինակ կարելի է դիտարկել նաև ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հարցում:

Կարդացեք նաև

Back to top button