
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Արամ Խաչատրյանի տուն — թանգարանն այս օրերին արտագնա ցուցադրություն է կազմակերպել Արցախում: Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի հրավերով թանգարանը մեծ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը եւ «Գայանե» բալետի բեմականացման 75-ամյակին նվիրված ցուցահանդես է բացել Շուշիում:
«Նարեկացի» արվեստի միությունը Շուշիում տեղակայված է հինավուրց շենքերից մեկում: Տարիներ առաջ կատարված վերականգնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է պահպանելով ավանդականը` նոր շունչ հաղորդել այդ շինությանը։ Դրա երկրորդ հարկում այս օրերին հանգրվանել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցանմուշները:
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանի խոսքով՝ հենց թանգարանի կրթական ծրագրերն էին, որ առիթ դարձան ցուցադրություն կազմակերպել նաեւ իրենց մոտ:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ներկայացուցիչ Աննա Ասոյանի խոսքով՝ վաղուց արտագնա ցուցադրություն չեն ունեցել եւ հուսով են, որ Նարեկացի արվեստի միության սաները կմիանան իրենց կրթական ծրագրին ու իրենք էլ կփորձեն նկարել խաչատրյանական հնչյունների տակ:
Շուշիում բացված ցուցադրության առաջին այցելուներին բախտ վիճակվեց ներկա գտնվել տուն- թանգարանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը եւ մտովի շրջել իրական թանգարանի ցուցասրահներով, իսկ թանգարանի աշխատակիցների կազմակերպած վիկտորինան էլ երիտասարդներին օգնեց ստուգել քիչ առաջ ստացած ինֆորմացիան, գիտակներին` վերհիշել կոմպոզիտորի կյանքի ու գործունեության որոշ դրվագներ: Տողի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը վիկտորինայի ակտիվ մասնակիցներից էր:
Ցուցադրությունը Շուշիում կմնա մինչեւ սեպտեմբերի 28-ը:




