

Արցախյան խնդիրը կրոնական հարթությունում կարող է դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման գործում: Մոսկվայում այսօր հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները և Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Սրչբազանը հույս ունի որ այն դրական ազդեցություն կունենա: Արցախին նախագահի մամուլի խոսնակի կարծիքով էլ հոգևոր առաջնորդները կարող են հասարակություններին դրականորեն տրամադրել:
Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների ուշադրության կենտրոնում:
Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ այսօր Մոսկվայում հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ հանդիպումը տեղեկացրել է, որ օրակարգը Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային խաղաղություն են:
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի հանդիպումը արցախյան հիմնախնդրի վրա, որքանո՞վ այն կթուլացնի տարածաշրջանում լարվածությունը:
Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպսկոպոս Մարտիրոսյանը, որ քաջատեղյակ է քննարկվող հարցերից, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ հոգևոր առաջնորդների նախկին հանդիպումներից հետո լարվածության որոշակի թուլացում է նկատվել և այսօրվա հանդիպումից ևս ակնկալիքը դրական է:
Արցախին նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցրեց, որ հակառակորդ կողմի հետ ցանկացած հանդիպման Բաքուն պոպուլիստական երանգ է տվել, և Ալահշուքյուր Փաշազադեն բացառություն չէ: Այդուհանդերձ, նրա կարծիքով, հոգևոր առաջնորդների հանդիպումը կարող է մեծ նշանակություն ունենալ երկու հասարակությունների հաշտեցման գործում. «Հասարակությունների հաշտեցման գործում կարող է մեծ նշանակություն ունենալ»:
Արցախյան խնդիրը թեև կրոնական չէ, սակայն հոգեւոր առաջնորդների հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում լարվածության թուլացման վրա՝ կարծում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը՝ նաև նկատելով, որ թեև խնդիրը կրոնական չէ, սակայն Բաքուն փորձում է դրան կրոնական երանգ տալ:
Ցանկացած հանդիպում ավելի լավ է, քան դրա բացակայության պայմաններում լարվածության ավելացումը՝ ասում է Դավիթ Բաբայանը: Իսկ արդյունքների մասին, թերևս, ավելի ուշ:




