Տնտեսական

Խաղողի պահանջարկն աճել է, գինը՝ ոչ. մթերման խնդրին նոր լուծում է տրվում

Գյուղմթերման սեզոնին ընդառաջ՝ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր գյուղացիներին հրոդորել է առանց պայմանագրի ու հապշտապ չհանձնել խաղողը։ Բերքն այս տարի անցյալ տարվանից պակաս է, չշտապելու դեպքում կարող են համեմատաբար բարձր գնով հանձնել այն: Արդյո՞ք ակնկալվում է, որ խաղողի մթերումն այս տարի սահուն ու երկկողմ շահավետ կլինի։ Խաղող արտադրողների ու գյուղոլորտի պատասխանատուների դիտարկումները համադրել է «Ռադիոլուր»-ը:

 

Խաղողի մթերման մեկնարկը տրված է, գյուղացիների նոր մտահոգությունների մեկնարկը՝ նույնպես: Վերջին տարիներին փորձ է արվում մթերումները կազմակերպել պայմանագրերի միջոցով: Գյուղացին այդպիսով իրեն որոշակիորեն ապահովագրում է բերքը չիրացնելու խնդրից, մթերողը՝ հումք չստանալու ռիսկից: Սա, իրոք, կարգավորում է դաշտը՝ ասում է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ միաժամանակ, սակայն, դժգոհելով, որ որոշ գյուղացիներ կարող են պատռել- դեն նետել պայմանագիրը, եթե դրանով սահմանված գնից փոքր- ինչ բարձր գին առաջարկող է լինում:

«Ասում են՝ իքս ընկերությունը ցածր է վճարում, կգնամ իգրեկ ընկերության հետ կպայմանավորվեմ, որը նույնպես ուզում է գնել: Հիմա վերամշակողներն են գնում պայմանագիր կնքելու, գյուղացին չի կնքում, ասում է՝ կարող է դեռ թանկանա»:

Արենի գյուղի բնակիչ, խաղողագործ Վարդան Սիմոնյանը, փոխնախարարի դիտարկմանն արձագանքելով, նկատում է՝ գյուղացին օրվա հացի խնդիր է լուծում: Խաղողի կիլոգրամն անգամ 5 դրամով ավելի թանկ հանձնելն էլ նրա գրպանի վրա զգացվում է, հատկապես, որ այս տարի, չնայած բերքը պակաս է, ու պահանջարկը բարձր, մթերման միջին գինը չի բարձրացել: Սիմոնյանը հիշում ու թվարկում է գյուղացիների՝ տարբեր տարիների խնդիրները:

«Խնդիրներ շատ կան: Ժողովուրդը, եղել են դեպքեր, որ լացում էր: Վարկ են վերցրել, մշակել են, թունաքիմիկատներ, սրսկումներ եւ այլն, եւ այլն, բայց խաղողը, խիղճները կորցրած, 70 դրամից թանկով չեն գնել: Ջրի գին են տվել, երբ ինքնարժեքը 100 դրամից անցնում էր: Բայց անցյալ տարի համեմատաբար լավ էր»:

Այս տարի խաղողի պահանջարկն առաջարկից բարձր է. գործարանները պատրաստ են մթերել շուրջ 140 հազար տոննա: Սա գյուղփոխնախարարը բացատրում է գարնանը բերքի վնասվելով, նաեւ՝ գինեգործական արտադրանքի արտահանման աճով: Բայց նկատենք՝ անցյալ տարի խաղողը մթերվել է միջինում 130 դրամով: Երեւանի կոնյակի գործարանն այս տարվա մթերման գինը հայտարարել է կրկին 130 դրամ:

Իսկ հայտնի է, որ շուկայում այս տնտեսվարողը գին է որոշում, մյուս տնտեսվարողները փորձում են դրանից մի քանի տասնյակ դրամով էլ էժան մթերել: Որոշ գործարաններ, ըստ լուրերի, այս տարի մթերման գին են սահմանել 90 դրամը: Ստացվում է, որ իրավիճակը կրկին գյուղացու օգտին չէ: Սրանով հանդերձ, գյուղփոխնախարարը գյուղացիներին հորդոր ունի՝

«Չշտապել բերքը հանձնել ցածր գնով, իսկ հերթերից խուսափելու համար այն հանձնելու տանել ըստ գրաֆիկի՝ նախապես պայմանավորվելով:  Չտանեն առանց պայմանագրի հանձնեն, հետո վճարման հետ կապված խնդիրներ ունենան: Վճարման համար Ֆիքսեն կարճ ժամկետեր: Իսկ խնդիրների դեպքում դիմեն մեր թեժ գծին կամ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղեր»:

Ինչպե՞ս է ստացվում, որ ամեն տարի նախարարությունում խաղողի մթերման գործընթացը պատկերացնում եւ ներկայացնում են սահուն ու հարթ, սակայն մթերման գործընթացին, որպես կանոն, հաջորդում են գյուղացիների բողոքները, ճանապարհ փակելն ու բերքի դիմաց պարտքերի կուտակումը՝ հետաքրքրվեց «Ռադիոլուրը»:

Ռոբերտ Մակարյանը խնդիրների շղթան հասցնում է մինչեւ ռուսական շուկա, որը մեր գինեգործական արտադրանքի սպառման հիմնական վայրն է: Այնտեղ 2 տարի առաջ ծագած խնդիրները անմիջապես հասան Հայաստան` հիշեցնում է Մակարյանն ու խնդիրների մի մասն էլ կրկին գյուղացիներին վերագրում:

«Բազմաթիվ խնդիրներ էլ կան այն պատճառով, որ անկազմակերպ, առանց պայմանավորվելու, ինքնաբուխ վերցրել բերքը տարել են, հետո ճանապարհ են փակել: Էդպիսի խնդիրներ կան, իհարկե, կլինեն»:

Որքան էլ փորձ է արվում կարգավորել ոլորտը, մթերողներն այսօր գյուղացիներին խաղողի դիմաց ավելի քան 84 մլրդ դրամի պարտք ունեն: Մթերողների մի մասը քիչ-քիչ վճարում է, մի մասը ֆինանսական խնդիր ունի: Համակարգային խնդիրները լուծելու համար հաճախ փորձ է արվել անձնական կապերը գործի դնել, օրինակ՝ գյուղնախարարն անձամբ է կանչում այս կամ այն մթերողին ու խնդրում-հորդորում պարտքը մարել կամ մթերման խոստումները պահել:

Խնդրին առանցքային լուծում տալու նպատակով գյուղնախը նոր ծրագիր է սկսել՝ մասնակիորեն սուբսիդավորվում են ագրովերամշակման ոլորտին տրվող վարկերը: Ծրագրով կտրամադրվեն 3 % տոկոսադրույքով, 150  մլն դրամի չափով, 1 տարի մարման ժամկետով վարկեր, որոնք նպատակաուղղվելու են բացառապես մթերվող խաղողի և պտուղ-բանջարեղենի արժեքի վճարմանը: Սրանով հետաքրքրված են հատկապես գյուղացիների հանդեպ պարտք ունեցող կազմակերպությունները:

«Մենք նրանց ասում ենք՝ ձեր ունեցած շրջանառու միջոցներն ուղղեք պարտքերի մարմանը, իսկ ստանալիք վարկերն ուղղեք այս տարվա մթերումներին»:

Խաղողագործ Վարդան Սիմոնյանը բոլոր խնդիրների լուծումը գինեգործական արտադրանքի իրացման շուկայի ընդլայնումն է համարում.  սա արտադրանքի հարցերն էլ կլուծի, մթերման էլ: Մնում է սրտացավ պետական մոտեցում լինի՝ ասում է:

Կարդացեք նաև

Back to top button