Մշակույթ

«Պարոնյան» թատրոնի նոր խաղաշրջանը սեպտեմբերի 13-ին կբացվի Աղասի Այվազյանի պիեսի բեմադրությամբ

«Հայ մարդուն չի կարելի զրկել մշակույթից: Դա նրա կենսակերպն է»,-ասում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը՝ կիսելով իր տպավորությունները մշակույթի նախարարության նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում իրականացվող մարզային հյուրախաղերից: «Ռադիուր»-ը նրա հետ զրուցել է նաև աշնանային նոր թատերաշրջանի, թատրոնի 75-ամյակին հաջորդած ստեղծագործական մեկնարկի ու նոր ծրագրերի մասին։

2016-ի նոյեմբերին լույս տեսավ Պարոնյան թատրոնի ամենաերկարակյաց աշխատակից Սերգեյ Առաքելյանի՝ թատրոնի պատմությունն ամփոփող ստվարածավալ գիրքը: Գրքի 700 էջերում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75 տարիներն են ՝ դեմքերով ու իրադարձություններով:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը 75-ամյակը համարում է կարևոր ջրբաժան, որը նշեցին մեծ շուքով ու այսօր փորձում են ամուր հիմքի վրա կառուցել ներկան: 75-ամյա թատրոնի նոր շունչն ապահովում են երիտասարդ ռեժիսորները:«Կարո Բալյանն այս օրերին բեմադրում է Շեքսպիրի՝ «Չափն ընդդեմ չափի» ստեղծագործությունը,  Անուշ Սարգսյանն ամերիկյան կատակերգության վրա է «մտմտում»,  Հակոբ Ղազանչյանը՝ Գոգոլի «Ռեվիզորի»:

«Թատրոնի խաղացանկում այս պահին 22 ներկայացում կա, մեծ մասը՝ բավական  երկարակյաց:

«Ատամնաբույժն արևելյան»-ը խաղում ենք արդեն 17 տարի ու դեռ հետաքրքիր է հանդիսատեսին: Պարոնյան թատրոնի խաղացանկում գերիշխում են  դասականները, բայց ժամանակակից գրողներն էլ ունեն իրենց ծանրակշիռ տեղը»,-ասում է Ղազանչյանը։

«Մեծ հաջողություն ունի Կարինե Խոդիկյանի պիեսի հիման վրա բեմադրված «Սիրային քառանկյունին», Գուրգերն Խանջյանի պիեսներն են շատ սիրված: Դահլիճում նստած մարդը բեմում ճանաչում  ու գտնում է իրեն, իր հարևանին, հարազատին, ու հենց դա է նրան բերում թատրոն»:Պարոնյանի անվան թատրոնն իր աշնանային խաղաշրջանը կսկսի սեպտեմբերի 13-ին, Աղասի Այվազյանի՝ «Եղած չեղած մի  կյանք» բեմադրությամբ՝ նվիրված Եղիշե Չարենցին: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին  պարոնյանցիները ծանրաբեռնված կլինեն. «Մշակութային երեք կանգառ» ունեն՝ Արարատի և վայոց Ձորի մարզերում: «Մշակութային կանգառ»-ի շրջանակում արդեն եղել են Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում:

«Մարզերում մարդիկ թատրոնի ծարավ ունեն: Ուսանողուհիներիցս մեկն իր դիպլոմային աշխատանքի համար գնաց գյուղ, հեքիաթ բեմադրեց: Վերադարձել ու լաց էր լինում: Ասում է. «Ինչ տաղանդավոր երեխաներ կան, միանգամից շրջապատեցին ինձ, ծնողները գալիս, խնդրում էին՝ թող իմ երեխան էլ խաղա»:

Ի վերջո, մենք հոգևորի ժողովուրդ ենք: Դրա պահանջն ամենուր կա, հատկապես շրջաններում: «Մշակութային կանգառ» ծրագիրը պետք է համակարգված ու շարունակական բնույթ բնույթ կրի: Չի կարելի հայ մարդուն զրկել մշակույթից:  Դա նրա կենսակերպն է»,-ասում է Ղազանչյանը: «Մշակութային կանգառի» շրջանակում մարզային առաջիկա այցին նա կմեկնի գրքերի մեծ կապոցով նաև: Թատրոնից զատ, գրքի պահանջ կա նաև մարզերում:

Կարդացեք նաև

Back to top button