Միջազգային

Ամերիկան ու Ռուսաստանը ռազմական մրցավազքի ճանապարհին են


ՌԴ դեմ ամերիկյան Կոնգրեսի պատժամիջոցներն աշխարհի հիմնական խաղացողների համար են սահմանված, այն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի , այլև Մերձավոր Արևելքի, Հեռավոր Արևելքի, Իրանի դեմ: Ու թեև որոշ փորձագետներ լավատեսական նոտաներ են հնչեցում՝ ասելով, թե ամենի ինչ կկարգավորվի ու իր տեղը կընկնի, սակայն արտակարգ ու լիազոր դեսպան Արմեն Նավասարդյանը հոռետես է, այս վիճակը կտևի տասնյակ տարիներ՝ ասում է դիվանագետը.

«Սենատի որոշումը  ցույց տվեց, որ այլևս որևէ հարցի որոշում կախված չէ նախագահից: Այս իրավիճակը կտևի 10-յակ տարիներ,անգամ կարծիքներ կան, որ այն կձգվի մինչև 2050  թվական: Սա տնտեսական պատերազմ է»:

Այս օրինագիծը դիպչում է նաև եվրոպական շահերին։ ԱՄՆ Սենատի դիրքորոշումը պատերազմ է ՌԴ-Եվրոպա ձգվող «Հյուսիսային հոսք» նախագծի դեմ: ԱՄՆ ուզում է ռուսական էներգակիրների մուտքը Եվրոպա արգելել ընդհանրապես:

Նման իրավիճակում Մոսկվան թեքվում է դեպի Ասիա՝ Չինաստան, Հնդկաստան:

Ամերիկան ու Ռուսաստանը ռազմական մրցավազքի ճանապարհին են՝ համոզված է դեսպան Նավասարդյանը՝ մատնացույց անելով ԱՄՆ կողմից 12 հատ F-16  կործանիչի տեղակայումը Կորեայում՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից իրականացված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը: Պաշտոնական Փհենյանը բազմիցս հայտարարել է, որ սադրանքի դեպքում պատրաստ է երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն:

Ինչևէ՝  պետք է նշել, որ Մոսկվան հանգիստ չընդունեց իր դեմ պատժամիջոցների սահմանումը: Այն բացի լկտիություն անվանելուց՝ Պուտինն արդեն գործնական քայլերի է դիմել՝ պահանջելով ՌԴ- ում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը կրճատել 755 աշխատակիցներով: ԱՄՆ պետքարտուղարությունը ափսոսանք է հայտնել այս առիթով ու   նշել, որ պատրաստվում է արձագանքել Պուտինի այս քայլին:

Մինչ այդ, լուրջ էներգետիկ խնդրի առջև հայտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարում է, որ Եվրամիությունը պաշտպանական միջոցներ կձեռնարկի, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցների պատրվակով «Ամերիկան բոլորից առաջ» կարգախոսով արդյունաբերական քաղաքականություն վարի: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ դեռ վաղ է ասել: Սակայն Հայաստանի վրա ԱՄՆ պատժամիջոցները քաղաքական առումով ազդեցություն կունենա՝ համոզված է դեսպան Արման Նավասարդյանը։ «Եթե գերտերությունների հարաբերությունները լարվում են, ապա դա անշուշտ  վատ է անդրադառնում փոքր պետությունների վրա»,- ասում է: Նա անգամ տարակուսանք հայտնեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հարցում,  դժվարացավ ասել, թե նոր իրավիճակը ինչպես կանդրադառնա ղարաբաղյան խնդրի վրա: Առայժմ խնդրի շուրջ ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ համանախագահների միջև եղել է  փոխհասկացողություն։

«Լուրջ խնդրի առջև են հայտնվել հայ դիվանագետները, պետք է կարողանան քիչ արյունով դուրս գալ այս վիճակից»:

Ի դեպ՝ արդեն այսօր բեռնատարները դուրս են հանում Սերեբրյաննի բորում ամերիկյան դեսպանատան կողմից օգտագործվող ամառանոցներից եւ պահեստներից  ամերիկյան գույքը՝ հայտնում է Եվրոնյուզը:

Բրուկինգսի ինստիտուտի փորձագետ Ստիվեն Պայֆերը կարծում է, որ ամերիկյան դիվանագիտական անձնակազմի նման կտրուը կրճատումը վատ կանդրադառնա հենց Ռուսաստանի քաղաքացիների վրա.

«Նրանց մեծ մասին մենք անվանում ենք տեղի աշխատակիցներ, դրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, աշխատում են ԱՄՆ դեսպանատանը: Կարծում եմ՝ կրճատվողների շարքերում հենց նրանք կլինեն: Կրճատումը կդանդացեղնի նաեւ վիզաների տրամադրումը»։

Սպիտակ տունն էլ արդեն հայտարարել է, որ նախագահ Թրամփը պատրաստվում է ստորագրել Կոնգրեսի ընդունած պատժամիջոցների օրինագիծը։

Կարդացեք նաև

Back to top button