ՄիջազգայինՔաղաքական

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժություններին


Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner- 2017) բազմազգ զորավարժությունները, որին առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը։

Վարժանքներից մի քանի օր առաջ պարզ էր դարձել, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցությունից։

«Արժանի գործընկեր-2017»-ին այս տարի մասնակցում են  են դաշինքի անդամ ու գործընկեր ութ երկրներ՝ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Հայաստանն ու Ուկրաինան։

« Ուժ՝ գործընկերության միջոցով», սա է ՆԱՏՕ-ի  «Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունների հիմնական ուղերձը, որը նպատակ ունի  ամրապնդել ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների համագործակցությունը, ուժեղացնել մասնակիցների  պաշտպանունակությունը: Վրաստանի նախագահ, ԶՈւ-ի գլխավոր հրամանատար Գիորգի Մարգվելաշվիլին՝ ողջունելով մասնակիցներին, նշեց․

«Մենք միմյանց արժանի գործընկերներ ենք․ Միասին կրում ենք ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների պաշտպանության ու համընդհանուր կայունության դրոշը»։

Թբիլիսիում արդեն 3-րդ անգամ անցկացվող վարժանքներին առաջին անգամ մասնակցում է Հայաստանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան նշում է.

«Բնականաբար Հայաստանի մասնակցությունն այս վարժանքներին դրական նշան է, քանի որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Մեր երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում է՝ նպաստել բարիդրացիական հարաբերությունների ու տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը»։

«Կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը, գտնում, որ հայերն ու վրացիները միմյանցից շատ բան կարող են սովորել՝ այդպիսով իրենց ներդրումն ունենալով Հարավային Կովկասի կայունության  գործում»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեց Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին։

Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Սամվել Ռամազյանի խոսքով՝

«Մեծ պատիվ է ի շարս մասնակից այլ երկրների կողքին տեսնել Հայաստանի եռագույնը։ Վստահ եմ, որ նրանք պատվով կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը»։

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմաբազա է բերվել ամերիկյան ռազմական տեխնիկա,  Abram տանկեր,  Bradley և Styrker զրահափոխադրիչներ,  գերմանական Boxer  հետևակի մարտական մեքենաներ։

Պաշտոնական Մոսկվան նախկին զորավարժությունները քննադատել էր՝ դրանք որակելով Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք: Անդրադառնալով այս հարցին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն նշեց․

ձայն «Մեր նպատակն է լինել ավելի պաշտպանված։ Զորավարժությունները ծառայում են ինչպես մեր, այնպես էլ տարածաշրջանի երկրների խաղաղության ու  կայունության հաստատմանը, դրանք ուղղված չեն որևէ երկրի դեմ»։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 12-ը։

 

Կարդացեք նաև

Back to top button