

Կառավարության այսօրվա նիստի հանձնարարականենրը գյուղատնտեսության ոլորտին էին վերաբերում: Ուշադրության կենտրոնում 2017թ ոռոգման շրջանը առավել արդյունավետ կազմակերպելն է: «ՀՀ ջրօգտագործողներին պետական աջակցության տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ է մշակվում, այն կընդունվի մինչև մայիսի վերջ:
Ներմուծվող գյուղական արտադրանքը փոխարինել տեղականով: Կառավարության որդեգրած քաղաքականության մասին այսօր մեկ անգամ ևս բարձրաձայնել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, Գյուղատնտեսության նախարարության իրականացրած աշխատանքային այցի արդյունքում վերհանվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ այն է հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը և տեղական սերմնաբուծությունը, համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումը և այդ ոլորտի համակարգումը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը կուսումնասիրի ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը: Կառավարության աշխատակազմ կներկայացնի այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ:




