
Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են Հայաստան «Իգլա» բերելու գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու:
Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի իրավապահ մարմինների գրության հիման վրա ընթացիկ տարվա մարտի 27-ին, Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցում՝ Գինու բլուր խաչմերուկում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետով և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:
Հիշեցնենք, որ LՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին, այնուհետև երկու ամսով կալանավորվել է: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՝ նշելով, որ դա իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ ՔՕ-ի 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:




