

ՀՀԿ խորհրդի երեկվա նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ չէ առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու առաջարկին: Ընտրությունները, հիշեցնենք, նշանակված են ապրիլի 2-ին, սակայն քաղաքակական- հասարակական որոշակի տարակարծություն կա: Ապրիլի 2-ին լրանում է քառօրյա պատերազմի մեկ տարին: Քաղաքական մի քանի ուժեր արդեն հայտարարություններ են արել և առաջարկել են իշխանություններին տեղափոխել ընտրությունների օրը: ՀՀԿ առաջնորդի անդրադարձն ըստ էության արձագանք էր այդ առաջարկին: «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ, թե ինչ մոտեցումներ ունեն քաղաքական հիմնական դերակատարները և արդյո՞ք հնարավոր է լինելու քաղաքական լայն կոնսենսուսը: Հենց դրա անհրաժեշտությամբ էր առաջարկի ընդունումը պայմանավորել հանրապետության նախագահը:
Մինչ հանրապետության նախագահի երեկվա հայտարարությունը քաղաքական- հասարակական մի շարք կառույցներ առաջարկ էին ներկայացրել իշխանություններին ՝ փոխել ընտրությունների օր: Հիմնավորումները, ի դեպ, երկու հարթությունում են՝ իրավական և բարոյական: Որոշ ուժերի կարծիքով՝ խնդիր կա իրավական առումով: ՀԱԿ-ն, օրինակ, կարծում է, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։ Քաղաքական–հասարակական շրջանակների մեկ այլ թևում էլ մտահոգությունը միայն բարոյական է. ճիշտ չէ, երբ ընտրություններն անցկացվում են ապրիլյան պատերազմի տարելիցի օրը:
Հանրապետության նախագահը երեկ խոսեց հիմնավորումների երկու խմբի մասին էլ: Իրավական առումով, ասաց, որ փաստարկները, թե ինչու ապրիլի 2-ին, խիստ հիմնավոր են: Մեր մասնագետներն ունեն համոզիչ փաստարկներ և դրանք հանգամանորեն կներկայացվեն՝ ասաց Սերժ Սարգսյանը։ Բայց նաև հավելեց, որ իրավականից բացի Հանրապետականին այլ հարց է մտահոգում. ապրիլի 2-ին լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին և իշխող կուսակցությունն այս կետում համաձայն է ընդդիմադիրների հետ, որ բարոյական խնդիր կա:
«Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը»:
Տեխափոխելը, ըստ հանրապետության նախագահի, կախված է հանգամանքից, թե որքանով կհաջողվի ընդհանուր համաձայնության գալ ընտրություններին մասնակից բոլոր ուժերի հետ: Բոլորի հետ առանց բացառության՝ շեշտեց Սարգսյանը:
Այս պահին քաղաքական ուժերի մեծամասնությունն առաջարկին կարծես թե դեմ չէ: Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցությունը առարկություն չի ունենա, եթե բոլորը համաձայնության գան, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Եթե բոլոր քաղաքական ուժերը գան համաձայնությամբ, մենք որևէ խնդիր չեն տեսնում»:
Հարցը, թե հետաձգումն արդյո՞ք իրավական խնդիրներ չի առաջացնի, Աղվան Վարդանյանը նախընտրում է թողնել իրավաբաններին: Ի դեպ՝ նկատելով նաև, որ ՀՅԴ-ն այն ուժերի թվում չի եղել, որոնք լուրջ խնդիր են տեսել ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու մեջ:
«Ինձ համար ապրիլի 2-ը, այո, կորուստների օր է, բայց նաև համախմբման և հաղթանակի օր է, նաև տարվա 365 օրերից մեկն է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե ընտրությունները ապրիլի 2-ին լինեն: Բայց կրկնում եմ, եթե մյուսները համաձայնության գան, մենք խնդիր չենք տեսնում»:
ԲՀԿ-ն պաշտոնապես չի քննարկել հարցը, բայց ոչ պաշտոնական ընդհանուր դիրքորոշմամբ կողմ է, որ ընտրությունները չհամընկնեն քառօրյա պատերազմի օրվա հետ՝ ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:
« Կողմ ենք, որ չհամընկնի: Հարցը և իրավական, և բարոյական կողմ ունի, բայց կարծում ենք, որ որևէ բան չի լինի, եթե մեկ շաբաթով ընտրությունները հետաձգվեն»:
Իրավական խոչընդոտները պետք է լրացուցիչ քննարկվեն՝ ասում է Մելքումյանը, բայց համոզված է, որ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն կգտնվի:
«Կարծում եմ՝ սա այն հարցն է, որի շուրջ կկարողանանք կոնսենսուսի գալ»:
Կկարողանա՞ն կոնսենսուսի գալ բոլոր ուժերն անխտիր, թե՞ ոչ՝ առայժմ չգիտի «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը: Մհեր Շահգելդյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ ՕԵԿ-ը չի լինի այն ուժը, որ դեմ կլինի առաջարկին:
«Առաջարկը տրամաբանական ենք համարում»:
«Համախմբում» կուսակցության առաջնորդը նույնպես անդրադարձել է հարցին: Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր հիմնած քաղաքական ուժը կմիանա մեծամասնության որոշմանը, բայց միևնույնն է՝ համոզված են, որ իրավական խնդիր կա:
«Միանշանակ իրավական խնդիր կա, բայց մեզ համար ընդունելի կլինի այն որոշումը, որին կհանգի քաղաքական ուժերի մեծամասնությունը»:
Քաղաքական ուժերի մեծամասնությունն այս պահին հետաձգման հետ կապված առարկություն կարծես թե չունի, մնում է խնդիրը ստանա իր իրավական հիմնավորություններն ու ձևակերպումը:




