Հասարակություն

2016- ի ապրիլը խմբագրեց Արցախի ծրագրերը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

2016-ը Արցախի համար  հոբելյանական տարի էր: Սպասվում էր, որ այն  հանրապետության հռչակման 25-ամյակի միջոցառումների գեղեցիկ շարքով պիտի առանձնանա, իսկ տնտեսական կյանքում կառավարությունը կայունություն էր կանխատեսում՝ հաջորդ 2017-ին զարգացում ապահովելու  խոստումով: Ներքաղաքական կյանքի ամենամեծ իրադարձության հավակնություն ուներ խորհրդարանական բարեփոխումների սկիզբը՝ ամեն ինչ տանում էր նրան, որ տարեվերջին երկիրը խորհրդարանական պիտի հռչակվեր: Ապրիլը սակայն սրբագրեց բոլոր կանխատեսումները:

 

Աղաբեկյանների ընտանիքն ապրում է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում: Ընտանիքի կրտսերը 2016 թվականին լույս աշխարհ եկավ: 2016 թվականին ավարտեցին նոր  տան կառուցումը որդու՝ Հայկի համար:  53-ամյա Արամայիս Աղաբեկյանը խոսքի մեջ ասում է, որ նույնիսկ ապրիլին, երբ ինքը երկու որդիների հետ սահմանին էր, շինարարի մուրճի զնգոցը  չի լռել:

2016 թվականին այսպես ապրել է ողջ Արցախը, որտեղ համարյա յուրաքանչյուր ընտանիքից սահման պահող կա, իսկ ապրիլ-մայիսին զինվոր էին բոլորը:

Ապրիլը Արցախի  եւ հայության կյանքում շատ բան փոխեց: Զոհեր ունեցանք. սրբազան զոհեր:  Հիասթափություններ եղան: Դրանց կողքին նաեւ հերոսական դրվագներ, որոնք սերունդ են դաստիարակում:

Հետապրիլն Արցախի համար վերքերն ամոքելու եւ պատերազմի հետեւանքները վերացնելու շրջան էր: Միայն ենթակառուցվածքների կրած վնասը շուրջ երկու հարյուր միլիոն դրամ էր:  Նվազում արձանագրվեց վերամշակող արդյունաբերությունում, տրանսպորտի եւ ՓՄՁ ոլորտներում: Իրավիճակը շտկելու համար  ԼՂՀ կառավարությունը  մի շարք օրենսդրական  փոփոխություններ կատարեց: Հարկային արտոնություններ սահմանեց:

Ճիշտ է՝ դրա արդյունքում նվազեցին պետական բյուջեի եկամուտները, բայց արդեն տարեվերջին կառավարությունը հայտարարեց, որ տնտեսական աճի հայտարարված տեմպը ոչ միայն պահպանվել է, այլեւ հնարավորություն է ստեղծվել գալիք տարիների համար ավելի հավակնոտ ծրագրեր կանխատեսել:

Ինչպես ԼՂՀ  վարչապետ Արայիկ Հարությունյանը, որն ի դեպ այդ պաշտոնը գուցե թե վերջին զբաղեցնողը կլինի, քանի որ  նախատոնական օրերին Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված Սահմանադրության նախագծով Արցախն այլեւս վարչապետ չի ունենալու, արցախցիները հակամարտության կարգավորման հեռանկարին  ապրիլից հետո ավելի կասկածամտորեն են նայում: Հանգուցալուծումն այնքան հեռու է, որ նորածին տղայի կապակցությամբ աչքալուսանք են տալիս՝ թե զինվոր է ծնվել: Իր գիտակից կյանքի կեսը զենքը ձեռքին սահմանին կանգնած Արամայիս Մարտիրոսյանը ասում է, թե գիտի, որ թոռներին վիճակված է անկայուն խաղաղության մեջ մեծանալ, բայց  նրանց ապագան այլ տեղ չի պատկերացնում:

Կարդացեք նաև

Back to top button