
«Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագիրն այս տարի էլ կատարել է իր առաքելությունը՝ ընդլայնելով աշխարհագրությունը. դեկտեմբերի 26-ին և 27-ին Բարի Ձմեռ պապն առաջին անգամ այցելել է նաեւ Արցախ: ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտի, Թալիշի, Ն.Հոռաթաղի, Տոնաշենի, Մատաղիսի, Աղաբեկալանջի և Ծաղկաշենի շուրջ 550 նամակագիր երեխաներ ստացել են նվերներ՝ հիմնականում նախապես Ձմեռ պապից իրենց խնդրածը:
Ամանորյա այս գեղեցիկ նախաձեռնությունն արդեն 9 տարի շարունակ իրականացնում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Արցախցի նամակագիրների մոտ մեծ ոգևորություն ու հրճվանք կար, քանի որ նվիրատվության բնույթն աննախադեպ էր՝ գրքեր և հանրագիտարաններ, սահնակներ և հեծանիվներ, հեռախոսներ ու պլանշետներ, չմուշկներ և գրենական պիտույք, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ, մի խոսքով՝ այն, ինչ երազում էին:
«Ծրագրի ողջ պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի, ինչպես նաև ԼՂՀ շուրջ 16 հազար 500 երեխաների: Մեխանիզմը հետևյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ, որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Նվիրատու կարող է լինել ամեն ոք. մարդիկ ընտրում են կոնկրետ նամակ և իրենց նախընտրած նամակագրին ուղղում իրենց ցանկացած նվերը: Այսպիսով՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջև: Կարդալով նամակը, տեսնելով այն ուղղած երեխայի նկարը` նվիրատուն հասկանում է, որ իր նվերը կոնկրետ հասցեատեր ունի, նվիրատվությունն անձնավորված է»,-մանրամասնում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման հասարակական կազմակերպության ղեկավարը:
Մակար Եղիազարյանի խոսքով՝ այս եղանակով աշխատելու արդյունքում գրեթե բոլոր նամակագիրները ստանում են Ձմեռ պապից խնդրած նվերները: Նվիրատուներն էլ հնարավորություն ունեն հավաստիանալ նվերները տերերին հասնելու մասին` տեղում կատարված լուսանկարների միջոցով, որոնք ևս տեղադրվում են նշված կայքում:
«Ես այս նախաձեռնությունը գնահատում եմ գերազանց՝ հատկապես հոգեբանական տեսակետից: Մեր երեխաները մի պահ կտրվեցին մեր անցածից, պատերազմական թոհուբոհից»,-շեշտում է Մարտակերտի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդիա Բալայանը: Հենց այս դպրոցում է նվերները հանձնվել Մարտակերտի երեխաներին: Իսկ Ծրագրի կազմակերպչական աշխատանքին աջակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս.Ասրյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Գրիգորյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վ.Խաչատրյանը:
«Իրականացան բազմաթիվ երեխաների երազանքներ և, համոզված ենք՝ շատերի մոտ մնաց անջնջելի տպավորություն ու ամրապնդվեց հավատը դեպի բարին՝ ամփոփված Ձմեռ պապի կերպարում: www.santaclaus.am կայքում նվիրատուների էջերում զետեղվել եւ զետեղվում են նվերների հանձնման պահին արված լուսանկարները, և նվիրատուները կարող են տեսնել փոքրիկների՝ երախտագիտությամբ ու հրճվանքով լի հայացքները: Լինելով նամակագիրների և նվիրատուների միջև կամուրջ՝ մենք փոքրիկների երախտագիտությունն ենք փոխանցում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր չեն զլանում մի պահ մտածել ու հոգալ նրանց մասին, ում համար ուշադրությունն ու ջերմությունն առանձնահատուկ կարեւոր են: Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր հրավառության փոխարեն լսում են կրակոցներ և առավել քան այլոք զգում են պատերազմի շունչը»,-նշում է ծրագրի համակարգող Ասանեթ Ալոյանը:
«Ծրագրի ողջ ծախսը կատարվել է մեր և մեր ընկերների անձնական միջոցներով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր Ամանորի նախօրեին, թողած իրենց հոգսերը, անձնվիրաբար աշխատում են Ծրագրի համար»,-ամփոփում է Մակար Եղիազարյանը:




