Հասարակություն

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված մրցանակաբաշխություն՝ ԳԱԱ-ում


ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» մրցանակաբաշխությունը: Մրցույթը հայտարարվել է Գիտությունների ազգային ակադեմիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Սփյուռքի նախարարության կողմից: Այն նվիրված է  Հայաստանի անկախության 25-ամյակին: Մրցույթին ներկայացված աշխատանքներն արտացոլում են 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունը ու դրանց լուծման եղանակների գիտական հիմնավորումները, ՀՀ պաշտպանության խնդիրը, որպես համազգային միասնության առանցքային արժեք ու առաջնահերթություն: Մրցույթին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի գիտնականներ:

Ամփոփվեցին «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» մրցույթի արդյունքները: Արդեն ավանդական դարձած մրցույթի հիմնական նպատակն է նպաստել մեր գիտական և ստեղծագործական աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու մտավոր կյանքի աշխուժացմանը: Մրցույթն անցկացվում է 2006 թվականից: 2016թ. լավագույն գիտական աշխատանքների մրցույթը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին, ուստի մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի անկախացման պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնականությունն ու միակամությունը հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար: Մրցութային աշխատանքներին ներկայացվող հիմնական պահանջն է արտացոլել 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում համազգային շահերի շուրջ հայության տարբեր հատվածների համախմբման համար անհրաժեշտ խնդիրների վերլուծությունն ու դրանց լուծման եղանակների գիտական հիմնավորումները` ամփոփելով մրցույթի արդյունքները` նշեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

Մրցանակները սահմանվել են հետևյալ անվանակարգերում` Հայաստանի Հանրապետությունը և 21-րդ դարի մարտահրավերները, որտեղ ունենք 1 հատ 3-րդ մրցանակ, մրցանակակիրը` Արմեն Մանվելյանն է «Էներգետիկ անվտանգությունը և աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-Կասպյան տարածաշրջանում» աշխատության համար։

«Արցախի հիմնահարցը և խնդրի վերջնական լուծման հեռանկարները համազգային միասնության համատեքստում» անվանակարգում առաջին մրցանակ է շնորհվել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին՝ «Զսպումը ղարաբաղյան հակամարտությունում» աշխատության համար: Աշխատության հեղինակը  փորձել է ուսումնասիրել և առաջարկել քաղաքական, դիվանագիտական և ռազմաքաղաքական լուծումներ, որոնց նպատակն է ոչ պատերազմ ոչ խաղաղություն պայմաններում  զսպել ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան: Ավելին՝ պատկան մարմիններն արդեն իսկ արձագանքել են քաղաքագետի աշխատությանը:

Վերադառնալով անվանակարգերին՝ նշենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները անվանակարգում 2- րդ մրցանակակիրը Գոհար Իսկանդարյանն է՝ «Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո» աշխատությնի համար։

Հաջորդը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրը որպես համազգային միասնության առանցքային արժեք և առաջնահերթություն» անվանակարգն է, որտեղ 2-րդ մրցանակակիր է ճանաչվել Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը՝ «Չսկսված և չավարտված պատերազմը» աշխատության համար։ Վերջին՝  «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարները համազգային միասնության համատեքստում» անվանակարգում մրցանակակիրներ չկան:

Կարդացեք նաև

Back to top button