

Ամանորին մնացել են հաշված օրեր, խանութներում սննդային եռուզեռը հատում է սահմանագիծը, մթերքները իրար գրկած տեղ են զբաղեցնում սառցարաններում եւ սառնարաններու ու սպասում հունվարի 31-ի կեսգիշերին։ Այդ ժամին է սպասում նաեւ մեր ստամոքսը, բայց ոչ թե մթերքները համտեսելու, այլ տարատեսակ սննդային թունավորումներից պաշտպանվելու համար: Մասնագետները շուրջ մեկ շաբաթ է խոսում են գրագետ սնվելու մասին, ու դեռ կշարունակեն խոսել մինչեւ հունվարի 13-ը՝ մինչեւ վերջին ուտեստի սպառումը։ Այսօր սննդային թունավորումներից զերծ մնալու հորդորով են հանդես եկել առողջապահության նախարարության մասնագետները։
Այսօր բոլորը, անգամ Նոր տարվա առեւտրի դեմ հանդես եկողները աննկարագրելի քանակությամբ սնունդ են գնում ու դժգոհում ստեղծված իրավիճակից՝ ենթարկվելով ֆիզիկական եւ հոգեւոր սթրեսի: Կանանց պարագայում՝ նոր բաղադրատոմսերով ուտեստների պատրաստման, տղամարդկանց դեպքում՝ գումարի հայթայթման սթրեսն է: Իհարկե, կարող է լինել եւ հակառակը:
Տանտիկիններին առողջապահության նախարարության մասնագետները այսօր խորհուրդ տվեցին շատ չլարվել, պարտավորված չզգալ սեղանին ունենալ միանգամից ամեն ինչ`4-5 տեսակի աղցան, 4-5 տեսակի տաք ուտեստ, դեսերտ, կաթնամթերք, ձկնեղեն, քաղցրեղեն, ընդեղեն, չրեղեն, կանաչեղեն, բանջարեղեն… Ինչու՞: Որովհետեւ ճիշտ ու գրագետ սնվելը, չափավոր ալկոհոլ օգտագործելը զերծ կպահեն սննդային թունավորումից:
Ըստ ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանի, մայոնեզաթթվասերային աղցանները սննդային թունավորման թիվ մեկ պատճառն են: Հարկավոր է խուսափել խառը աղցանները 3-րդ օրը օգտագործելուց, մասնավորապես՝ պարբերաբար սառնարանից հանելով եւ նորից տեղը դնելով: Չնայած, որ սննդային թունավորումներն այս տարի նվազել են, մասնավորապես՝ բոտուլիզմի դեպքերը (2016 թվականին գրանցվել է 8 դեպք, 18 տուժածով), մասնագետը, միեւնույն է, ուշադրություն է հրավիրում պահածոյացված տարաների վրա՝ <<այս օրերին այն փակ պահելու>> հորդոր հնչեցնելով:
<<Նույնքան զգուշավոր փորձեք լինել կրեմային հրուշակեղեն օգտագործելիս՝ պահպանելով պատրաստման հիգիենիկ կանոնները: Ձուն, հատապտուղները լավ լվանալ, դա եւս սննդային թունավորման նախապայման է>>,-ասում է Բաբայանը:
Այժմ ալկոհոլի չարաշահման մասին: 2015 թվականի համեմատ 2016 թվականին նկատելի աճել են ալկոհոլից թունավորման դեպքերը։ Անցյալ տարի գրանցվել է 370 դեպք, իսկ այս տարի՝ 360-ից ավելի: Տվյալները ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանին են։ Ի դեպ, թունավորումը փոխում է սեռային պատկանելիությունը՝ տղամարդկանց այս հարցում հավասարվում են կանայք:
<<Առաջ թունավորման դեպքերը գրանցվում էին միջին տարիքի անձանց մոտ, այժմ, ցավոք, այդ թիվը բավականին երիտասարդացել է։ Սկսած 15-16 տարեկանից շատ են աճել թունավորման դեպքերը, աճել է նաև կանանց շրջանում>>,- ցավով տեղեկացրեց Միքայել Գաբրիելյանը։
Թունաբանը նաև կարևորեց և հորդորեց, որպեսզի հատկապես Նոր տարվա տոներին ընդառաջ, երբ գազօջախները առավել շատ են օգտագործվում, միշտ ստուգել դրանք, քանի որ 2016 թվականին արդեն գրանցվել է 82 թունավորման դեպք՝ մեկ մահվան ելքով, 2015-ին գրանցվել էր 38 դեպք:




