
տեղադրվել է ժամը 13։30- ին
լրացվել է ժամը 17։26- ին

Ավելի հակիրճ՝ քան նախորդ նիստերն էին։ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ գործադիրի անդամները շտապում են ԱԺ, որտեղ տեղի է ունենալու «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը։ Նիստը երկար չի տևել, սակայն այդ ընթացքում էլ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել, անդրադարձ կատարել նաև նախորդ հանձնարականներից մեկին: Հաջորդ շաբաթ կառավարության ղեկավարը կհանդիպի խոշոր տնտեսվարողների հետ եւ կքննարկի նրանց առջև ծառացած խնդիրները: Այսօր էլ օրակարգում ընդգրկված նախագծերի մի մասը հայտարարվել է չքննարկվող, իսկ քննարկվողներից մեկով նախատեսվում է օրինակ Մոլդովայում ստեղծել ՀՀ դեսպանատուն։ Մինչեւ այժմ՝ այդ լիազորությունները դրված է Ուկրաինայում ՀՀ դեսպանատան վրա։ Մեկ այլ նախագծով էլ կառավարությունը ԱԺ-ին առաջարկել է դեկտեմբերի 13-ին ժամը 12-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել: Հայաստանում նաև հարկային համաներում կհայտարարվի:
Նախատոնական հանձնարարականներ ՊԵԿ, ՏՄՊՊՀ ու ԿԲ նախագահներին: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ սահմանել: Տնտեսավարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով էլ վարչապետի հանձնարարականով կսահմանվի արտակարգ ռեժիմ՝ ներառելով դեկտեմբեր ամսվա ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
Կարեն Կարապետյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին խնդրեց հանգստյան ու տոնական օրերին ապահովել բանկերի աշխատանքը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին էլ վարչապետն առաջարկեց ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման եւ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում՝ կրկին հաշվի առնելով գալիք ամանորյա տոները: «Առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և/կամ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում: «Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք։ Միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ դա գերիշխող է, որպեսզի չդառնա բեռ բիզնեսի համար»։
Անդրադարձ կատարվեց նաև կառավարության նախորդ նիստերին տրված հանձնարարականներից մեկին՝ չօգտագործվող անշարժ գույքի մասին։ «Նախ՝ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները: Գույքի գծով առաջացող հարկը պետք է կապակցված լինի տվյալ գույքի շուկայական արժեքին: Բնակելի անշարժ գույքի դեպքում պետք է նախատեսել, որ ոչ բավարար եկամուտներ ունեցող անձանց համար հարկը կարող է հետաձգվել և վճարվել գույքի օտարման դեպքում:
Կառավարության ղեկավարը ֆինանսների նախարարին հանձնարարեց շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 31.01.2017 թվականը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված ու այսօր հաստատված օրենքների նախագծերի փաթեթներից մեկով մեր երկրում հարկային համաներում կհայտարարվի: Մասնավորապես, մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերն ազատվում են այդ գումարների վճարումից:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ. «Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերը, նոտաները և ինքնազբաղված անձինք ևս ազատվում են տույժերից: Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք նույնպես ազատվում են տույժերից և տուգանքներից»։
Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն իրականացնող գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վերջնաժամկետը կերկարաձգվի մինչև 2018 թվականի հունվարի մեկը, իսկ ակցիզային դրոշմանիշների էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կկիրառվի 2017 թվականի հունվարի մեկից:
2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը հնարավոր կլինի ներկայացնել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:




