Քաղաքական

ԼՂՀ խնդիրը ԵԽԽՎ-ում վտանգավոր ձեւակերպումներով չի քննարկվի.Արմեն Ռուստամյան

lenabadeyan
Թեեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքն ընթանում է դռնփակ, սակայն միշտ որոշ նորություններ հայտնի են դառնում այնտեղ տեղի ունեցած քննարկումների մասին։ Նոր հայտնի է դարձել, որ նոյեմբերի 9-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ կրկին տարաձայնություններ են առաջացել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Ադրբեջանում հայտարարում են, որ հաջողվել է կանխել հայկական «սադրանքը»: Թե ինչ է դա նշանակում եւ ինչ է փորձել անել հայկական կողմը՝ արդեն Երեւանում բացահայտել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի պատվիրակ Արմեն Ռուստամյանը:

 

 

Թե որն է «սադրանքը»՝ թերեւս կորոշի հասարակությունը, իսկ փաստերը հետեւյալն են. նոյեմբերի 9-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստում կրկին անհամաձայնություն է առաջացել, քանի որ սառեցված հակամարտությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի օրակարգում ներառվել է «Լեռնային Ղարաբաղի եւ օկուպացված այլ տարածքների քննարկում» ձեւակերպմամբ հարց: Հայկական պատվիրակության անդամները հանդես են եկել պատասխան առաջարկ-պահանջով: Մանրամասները ներկայացնում է պատվիրակության անդամ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այո, մենք դեմ ենք այդ հանձնաժողովի աշխատանքին, որովհետեւ ձեւակերպում կա այնտեղ, որը մեզ համար բացարձակապես անընդունելի է: մենք ասում ենք, որ այս ձեւով անաչառ քննարկում ակնկալել այդ հանձնբաժողովում հնարավոր չէ: Ամենամեծ սադրանքն այն էր, որ պարոն Շեննախը հայտարարեց, թե իբր մենք համաձայնել ենք այդ ձեւաչափում քննարկել Ղարաբաղի հարցը: Այ սա սադրանք է, որը իրականությանը չի համապատասխանում: Եվ իրեն էլ հենց հանձնաժողովի նիստում ասվել է, որ այդպիսի բան չկա»:

էթիկայի տեսանկյունից պատգամավորը ճիշտ չի համարում հրապարակել մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքների մանրամասները, քանի որ կառույցը սովորաբար աշխատում է փակ ռեժիմով: Բայց ստիպված է դա անել՝ Ադրբեջանում տարածվող ապատեղեկատվությանը պատասխանելու համար:  Ուստի հայ պատգամավորը հստակեցնում է՝ կարեւորն այն է, որ կարողացել են մի պահանջ ամրագրել, ըստ որի՝ ցանկացած հակամարտություն հանձնաժողովում կարող է քննարկվել, եթե կա երկու կողմերի համաձայնությունը: Նույնը վերաբերում է նաեւ ԼՂ հակամարտությանը:

«Հանձնաժողովի անունը՝ Սառեցված հակամարտությունների հարցերով զբաղվող ենթահանձնաժողով: Այնտեղ պարզապես քննարկված են կոնֆլիկտները՝ Oսեթիա, Աբխազիա, Ղրիմ, Մերձդնեստր, Կիպրոս: Մյուս դեպքերում որեւէ օկուպացված տարածք կամ ինչ որ նախնական ձեւակերպում չկա, բայց Ղարաբաղի հարցով այդ ձեւակերպումը գրել են, որ «Ղարաբաղ եւ մնացած օկուպացված տարածքներ»: Սա էլ է անտրամաբանական: Իհարկե, քվեարկություն է եղել եւ բավականին շատ պատգամավորներ պաշտպանել են մոտեցումը, որ պետք է չեզոք ձեւակերպումներ լինեն»:

Եւս մեկ ուշագրավ փաստ. մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստում ադրբեջանցի որեւէ պատվիրակ ներկա չի եղել, բայց, Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, տեղի ունեցածն այնպես է տարածվել, որ ապացուցում է՝ հանձնաժողովում կան ադրբեջանական լոբբիստներ: Ամեն դեպքում, տարբեր հակամարտությունների հարցով զբաղվող ենթահանձնաժողովը հաջողվեց հատուկից վերածել սովորական կարգավիճակ ունեցող կառույցի: Դա, սակայն, եղել է հենց հանձնաժողովի ղեկավարի առաջարկը:

Այսպիսով Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ավստրիացի պատագմավոր Շտեֆան Շեննախի ադրբեջանամետ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը՝ վտանգավոր ձեւակերպումներով Ղարաբաղի հարցը համապատասխան ենթահանձնաժողվում չի քննարկվելու, քանի որ անհրաժեշտ պայմանը պետք է լինի երկու կողմերի համաձայնությունն ու ներկայությունը:

Կարդացեք նաև

Back to top button