

2017 թ. պետբյուջեի նախագծով կրթության և գիտության ոլորտներին նախատեսվում է տրամադրել գրեթե այնքան գումար, որքան 2016-ին: Փոխարենը մշակույթ ոլորտի բյուջետային հատկացումները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են: Ոլորտի պատասխանատուները նշել են, որ լրացուցիչ գումարներ միշտ են անհրաժեշտ, բայց ծրագրված հատկացումները բավարար են նախատեսված ծրագրերն իրագործելու համար:
2017 թվականի պետբյուջեի նախագծով կրթության ոլորտի ծախսերը կազմում են 128 մլդ դրամ կամ 23.5 մլն պակաս, քան 2016 թվականին: Գիտությանը հաջորդ տարվա ընթացքում կառավարությունը նախատեսում է հատկացնել շուրջ 14,5 մլրդ դրամ: Կրթության ծախսերի հիմնական մասը կուղղվի հանրակրթության ոլորտին: Թեև ընդհանուր առմամբ բյուջետային հատկացումները նվազել են, բայց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չի կարծում, որ այդ նվազումը կազդի ոլորտի արդյունավետության վրա:
Լևոն Մկրտչյանն ասում է, որ ծրագրերի մի մասի իրականացումն էլ կապվում է ոչ միայն բյուջեի, այլ դոնոր կազմակերպությունների հետ: Օրինակ նախարարի ձևակերպմամբ բավական լուրջ ծրագիր է քննարկվում Եվրամիության հետ՝ միջին մասնագիտական կրթության ոլորտին նվիրված։
Նախարարին խնդրեցինք թվարկել այն հիմնական ծրագրերը, որոնք հնարավոր կլինի տեսնել ոլորտում առաջիկա տարվա ընթացքում: Լևոն Մկրտչյանն առաջինը նշեց ավագ դպրոցին վերաբերող փոփոխությունը, որն արդեն այս տարվանից ուժի մեջ կմտնի: Ավագ դպրոցի վերջին դասարանի աշակերտներին հնարվորություն կտրվի երկրորդ կիսամյակի ընթացքում ըստ էության միայն երեք առարկաների դասերին հաճախել:
Ի դեպ, դպրոցների քաղաքականացմանը կամ կուսակցականացմանը նախարարը կտրուկ դեմ է, կարծում է, որ կրթական համակարգի ներկայացուցիչները նույնպես կարող են ունենալ կուսակցական հենք, բայց կրթական գործընթացից դուրս: Արամ Մանուկյանի հարցին. «Պատրա՞ստ եք ինձ հետ ստորագրել օրենքի նախագիծ, որ դպրոցներում ուսուցիչներն ու տնօրեններն իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ», Լեւոն Մկրտչյանն այսպես արձագանքեց. «Օրենքը գործում է, ուղղակի այն պետք է պահել, ստորագրելու հարց չկա»։
Սպորտի և երիտասարդության ոլորտների բյուջետային հատկացումների հարցը երկրորդային դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ՝ նախարարին երեկ ուղղված խորհրդի ֆոնին: Ռուբեն Հայրապետյանը Հրաչյա Ռոստոմյանին հորդորել էր զբաղվել ատամնաբուժությամբ և ոչ թե խառնվել ֆեդերացիայի հարցերին:
Ատամնաբուժությունը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի առաջին մասնագիտությունն է։ Այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հպարտանում է առաջին մասնագիտությամբ։ Նախարարն ասաց, որ լինի ֆուտբոլ, թե այլ մարզաձև, երբ խնդիրներ է տեսնում, չի կարող ներգրավվածություն չունենալ։ Նաեւ հավելեց, որ Հայրապետյանի երեկվա արձագանքից հետո, այն ծրագրերը, որ նախատեսել էր, ավելի կարագացնի: Հարցին՝ ի հեճուկս Ռուբեն Հյարապտյանի՞ ՝ պատասխանեց ՝հօգուտ հայկական ֆուտբոլի:




