Քաղաքական

Կառավարությունը որոշել է կրճատել Աժ-ին հատկացվելիք գումարները

lenabadeyan
Այսօր Աժ մշտական հանձնաժողովներում շարունակել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները՝ ըստ ոլորտների: Պետական մարմիններին հատկացումները բավարար կլինեն, որ կառույցները կարողանան կատարել օրենքով նախատեսված գործառույթները: Աշխատակազմերի ղեկավարների ներկայացմամբ՝ պետական գերատեսչություններում որոշակի կրճատումներ են իրականացվելու թե գումարային, թե մարդկային ռեսուրսների առումով:  2017-ը հատկանշական է նաեւ նրանով, որ տարվա կեսը պետական կառույցներն աշխատելու են մի սկզբունքով, հետո՝ խորհրդարանական ընտրություններից հետո, սկզբունքները փոխվելու են՝ կախված կառավարման համակարգի փոփոխությունից:

 

Խորհրդարանական համակարգին անցնելուն զուգահեռ՝ կառավարությունը որոշել է կրճատել Աժ-ին հատկացվելիք գումարները. 54 միլիոն դրամ պակաս այս տարվանից: Պատգամավորները չհասկացան մոտեցումը եւ կառույցի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ստիպված էր բացատրել:

«Մենք ունենք կառավարության հետ հետեւյալ պայմանավորվածությունը՝ պահուստային ֆոնդում այդ գումարները նախատեսված կլինեն եւ, եթե մենք կունենանք 150-160 պատգամավոր, բնական է, որ այդ պատգամավորները մայիսից հետո վճարվելու են: չենք կարող ունենալ 140 պատգամավոր, ասենք՝ գիտեք ինչ, 101-ին ենք աշխատավարձ տալիս, մնացածին աշխատավարձ չենք տալիս»:

Բյուջեի նախագծում կառավարությունը հաշվարկել եւ հիմք է ընդունել պատգամավորների 101 թիվը՝ գումարած ազգային փոքրամասնություններին հասանելիք եւս 4 տեղը: Բայց պատգամավորների թիվը կարող է տատանվել եւ ավելանալ մի քանի տասնյակով, քանի որ նոր ԸՕ-ում նախատեսած է «բոնուսային» կոչվող բարդ մեխանիզմ: Հստակ է միայն մեկ բան՝  2017-ի առաջին վեց ամսում ունենալու ենք 131 պատգամավոր եւ նրանք ստանալու են այն գումարը, որը ստանում են հիմա: Դրանից հետո մնացած վեց ամսվա համար նորընտիր խորհրդարանի համար կգործեն արդեն նոր հաշվարկներ:

Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում քաղաքական ուժերի «պատմական» համարվող համաձայնությունն այսօր արդեն վտանգի տակ է: Խոսքը ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման եւ նկարահանման հնարավորության մասին է: Այս կետը միտումնավոր խախտելու մեղադրանքները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անհիմն է համարում, բայց չի բացառում դեպքերի զարգացման հետեւյալ տարբերակը:

« Խնդիրը կարող է լինել, որ գումարները չբավարարեն եւ այդ պատճառով որևէ կազմակերպություն հանձ չառնի կատարելու այդ աշխատանքը»:

Ինչ վերաբերում է հատկացումներին, ապա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդունում է, որ «բյուջեի գումարը երբեք, որեւէ կառավարության օրոք, որեւէ պետությունում բավարար չէ»: Այնպես չէ, որ կառավարությունը տնտեսում է ուրիշների հաշվին: Հենց իրենց մոտ կրճատել են 24 ավտոմեքենա: Նախկինում ունեցել են 83 սպասարկող մեքենա: Ծառայողական մեքենաների կրճատման համար նախադեպ չի կարող լինել նոր մշակույթը, ասենք՝ փոխնախարարը հեծանվով է աշխատանքի գնում:

Փոխարենը չի բացառվում, որ կրճատվեն փոխմարզպետերի հաստիքները: Համենայնդեպս՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին Դավիթ Հարությունյանի պատասխանը ենթ ադրում է, որ զարգացումներ այս հարցում դեռ կլինեն:

«Դա ժամանակին արվել է կոալիցիոն քաղաքական նպատակահարմարությունով հետո չի եղել կոալիցիա, բայց փոխմարզպետերի հաստիքները մնացել են: Կարծում եմ, որ դա ուռճացված ծախսերի մեջ կարելի է դիտարկել: -Ձեր գրության հիման վրա վարչապետն արդեն հանձնարարական տվել է, որ իրեն ներկայացնեն բոլոր մարզերում քանի փոխմարզպետ կա, բաշխվածությունը աշխատանքի: Սկզբից կցանկանար առաջարկություններ ստանալ կրճատումների հետ կապված, հետո ինքը կընդունի որոժշում»:

Կրճատումներ լինելու են նաեւ նախագահական աշխատակազմում, բայց ոչ այն պատճառով, որ կառավարման համակարգի փոփոխությունից հետո առաջնայինը խորհրդարանն է լինելու:

«Հարգելի գործընկերներ, համակերպվեք այն մտքի հետ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա գործող Սահմանադրության լիազորություններով մինչեւ 2018 թվականի ապրիլը»:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը պարզաբանեց, որ հատկացվող գումարները նվազել են անվտանգության խորհրդի աշխատակիցների կրճատման եւ կապիտալ վերանորոգման ծախսերի կրճատման պատճառով: «Այնպես կանենք, որպեսզի խնդիրներ չլինեն եւ աշխատանքի որակն էլ չտուժի»,- խոստացավ Արմեն Գեւորգյանը:

Ի դեպ, այսօրվա բյուջետային քննարկումների ժամանակ բացահայտվեց մի խորամանկություն, որին դիմում են ՀՀ Գլխավոր դատախազությունում: 30-31 դատախազ 2017-ի հունվարի մեկից ներկայացնելու են աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու դիմում, թեեւ տարիքի եւ առողջական վիճակից ելնելով դեռ կարող էին ծառայել համակարգին:  Դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանի ներկայացմամբ՝ 2017-ի հուլիսի մեկով դատախազների կենսաթոշակը էականորեն նվազելու է, ուստի թոշակի գնացող դատախազներն շտապում են, որ բարձր կենսաթոշակ ստանան։ «Եթե հարցը չլուծվի, ապա լուրջ կադրային խնդրի առաջ ենք կանգնելու»,- զգուշացրեց դատախազության ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Back to top button