ԿարևորՀասարակություն

Աղձքի դամբարանում հայտնաբերվել են հայ արքաների մասունքները՝ կարծում են հնագետները

hasmikmartirosyan

Բյուրականի հարեւանությամբ՝ պատմական Աղձքում իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ՝ այսօր վստահորեն հայտարարել է հնագետ Հակոբ Սիմոնյանը։ Նա շեշտել է՝ մասունքները Արտաշիսյան եւ Արշակունյաց արքաների ոսկորներն են: Ընդ որում՝ մասունքները հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու սալահատակի տակ:

 

Վերջին շրջանում հայ հնագետների բացահայտումները վերաձևակերպում են հայ ժողովրդի դարավոր պատմության որոշ իրողություններ՝ սկսած ուրարտական դարաշրջանից։ Մասնավորապես՝՝ Թեշեբաինի պեղումները հերքեցին ուրարտացիների անհայտ ծագման պնդումները՝ հիմնավորելով, որ ուրարտացին եղել է Արարատյան դաշտի բնիկը, ունեցել արքայական 4 աթոռանիստ, որից մեկն էլ պատմական Արցախում: Այսօր արդեն հնագետները հայտարարում են, որ հայտնաբերել են Արտաշիսյան եւ Արշակունյաց արքաների մասունքները:

Ըստ պատմական անդրադարձի, որը վկայում  է V դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդը, 364 թ. հայ-պարսկական պատերազմի ժամանակ պետականության գաղափարը ազգային գիտակցությունից արմատախիլ անելու նպատակով պարսից զորքերը քանդում են Արշակունի թագավորների գերեզմանները և որոշում նրանց ոսկորները տեղափոխել Պարսկաստան: Սակայն հայոց զորքերը,  սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, Արարատյան դաշտում պարտության են մատնում պարսիկներին և հայ թագավորների ոսկորները վերաթաղում Աղձք բնակավայրում:

Այսպիսով, Արշակունյաց թագավորների դամբարանը կառուցվել է 364 թ. սև և կարմիր սրբատաշ տուֆից: Դամբարանը եղել է երկհարկանի, որից պահպանվել է գետնափոր հարկը: Հնագետները տարածքը երկար ժամանակ է հետազոտել են, սակայն, ըստ հնագետ Հակոբ Սիմոնյանի, մասունքները հայտնաբերվեցին ոչ թե դամբարանից, այլ՝ համալիրում տեղադրված եկեղեցու սալահատակի տակից: «Խորանի առջեւ բացվեցին երեք քարե սնդուկներ, որոնք կնքված էին: Նրանցից մեկի վրա նույնիսկ պահպանվել է խաչը: Երկուսը մենք պեղեցինք, երկուսի մեջ էլ մարդկային աճյուններ էին։ Մի բան հստակ էր. այստեղ դրված ոսկորները նախքան սնդուկների մեջ դնելը մաքրված են եղել փափուկ հյուսվածքներից»։

Ի դեպ, եթե հայտնաբերված մասունքներում՝ ոսկորներում պահպանված լինեն օրգանական նյութեր, ապա ԴՆԹ հետազոտություն կիրականացվի:  Ըստ հնագետի, 3-րդ սնդուկը դեռ չի բացվել ու այն նախատեսված է բացել բարձրաստիճան պաշտոնյաների և լրագրողների ներկայությամբ:

Ըստ նախնական ծրագրի՝ դեռ մեկ տարի էլ կա, որ պեղումներն ավարտվեն: Վերջինիս իրագործման գաղափարական աջակիցը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է: Ըստ պատգամավորի՝  պեղումները իրականացվում են պետական միջոցներով: Այն արքաների միակ դամբարանն է, որի տեղը մեզ հայտնի է։ Այն պետք է  պահպանվի և հանձնվի հետագա սերունդներին՝ շեշտեց Արագած Ախոյանը: Ի դեպ, տարածքն այսօր ներառված է զբոսաշրջային ընկերությունների ծրագրերում, եւ Աղձքում այս օրերին այցելուների թիվը գերազանցում է 500-ը:

Կարդացեք նաև

Back to top button