

<<ԵՄ շաբաթ Հայաստանում>>. այսօրվանից մինչև հոկտեմբերի 28-ը Երևանում անցկացվում է <<ԵՄ բիզնեսի համար>> խորագրով միջոցառումների շարքը, որի շրջանակներում նախատեսված են անցկացնել տարբեր միջոցառումներ : Շաբաթը տնտեսական քննարկումներով է սկսվել, նախատեսված են մի շարք միջոցառումներ փոքր ու միջին բիզնեսի համար, խորհրդաժողով և ոչ միայն: <<Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի կառավարությանը: Կա միասին աշխատելու փոխադարձ կամք և ՀՀ կառավարության, և ԵՄ կողմից, որպեսզի հասնենք առավելագույն արդյունքի՝ ի շահ Հայաստանի տնտեսության>>,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու կարծիքով, մեր երկրում ՓՄՁ չիրացված մեծ ներուժ կա: Այստեղ ՓՄՁ-ին բաժին է ընկնում զբաղվածության ու ՀՆԱ-ի ընդամենը 30 տոկոսը, մինչդեռ ԵՄ երկրներում այն կազմում է 60-70 տոկոսը: Դեսպանը նկատել է՝ Հայաստանի նոր կառավարությունը իր ծրագրի առանցքում դիտարկում է տնտեսական աճի խթանումը։ Որպես ԵՄ ներկայացուցիչ վստահեցնում է՝ պատրաստ են աջակցել Հայաստանի կառավարությանը, որպեսզի բարեփոխումների արդյունքում անցում կատարվի ավելի արդյունավետ տնտեսության: Հիմնական գործիքներից մեկը հենց ՓՄՁ զարգացումն է։ «Մենք լիահույս ենք, որ ՓՄՁ շեշտադրումը Հայաստանում նոր տնտեսական աճ կապահովի այս երկրի համար»,- ասում է։
Պյոտր Սվիտալսկին երկրի զարգացման համար կարևորում է նաև օտարերկրյա ներդրումները՝ հույս հայտնելով, որ բազմաթիվ միջոցառումների արդյունքում կկարողանան ներդրողներ ներգրավել հատկապես ԵՄ երկրերից: Դեսպանն ընդգծում է՝ Հայաստան- ԵՄ համագործակցությունը փոխշահավետ է: Ավելին, երկուստեք ՝ առավելագույն արդյունքի հասնելու կամք կա։ ՓՄՁ-ի կյանքը թեթևացնելու համար հարկային, մաքսային փոփոխություններ են անհրաժեշտ, <<որոնք արտացոլված են նոր կառավարության ծրագրում: Նպատակը՝բիզնեսի համար արդար միջավայրի ստեղծումն է>>,- ընդգծում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա կարևորում է ֆինանսների հասանելիությունը, քանի որ առանց դրանց ոչ մի բիզնես գաղափար կյանքի չի կոչվի։ <<Միայն Հայաստանում չէ, որ ՓՄՁ-ների համար կա այդ խնդիրը: Այն առկա է շատ ու շատ պետություններում: Մենք երկու խոշոր ծրագիր ունենք Հայաստանում, որոնք մի քանի միլիոն եվրոյի են հասնում>>,- ասում է Սվիտալսկին:
Տարեկան 50 մլն եվրո. այսքան գումար է ամեն տարի մեր երկրին տրամադրում ԵՄ-ն: Հայաստանի թիվ մեկ դոնորը հենց ԵՄ- ն է: Դեսպանը դիվանագիտորեն է պատասխանում հարցին, արդյո՞ք դրանք արդյունավետ են ծախսվել։ Ամեն ինչ հարաբերական է՝ ասում է, ու խոսում հանրապետության մի շարք քոլեջների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրի մասին: Տեխնիկապես վերազինվել են, սակայն ուսանողներն ավարտելուց հետո առանց աշխատանքի են մնում:
Ի դեպ, ԵՄ կողմից տրամադրված գումարների մեծ մասը բյուջետային աջակցություն է: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացնում է՝ ԵՄ պատվիրակության հետ ավելի հաճախ են քննարկում հարցը, թե ինչպես ոչ պետական կառույցներին ներգրավել վերահսկման գործընթացում: «Կա բյուջետային աջակցության գործիք, և սա միակն է, որ գումարային միջոցները անմիջապես տրվում են պետությանն ու պետական բյուջեին: Բյուջետային աջակցության պարագայում շատ հստակ նախատեսվում, քննարկվում, բանակցվում, ստորագրվում է նախապայման, որի կատարման պարագայում միայն ՀՀ- ն կարողանում է ստանալ համապատասխան ֆինանսական ռեսուրսը»:
Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի առաջին տեղակալը վստահեցնում է՝ պարտավորությունների կատարման տեսանկյունից Հայաստանի կատարողականը բավականին բարձր է:




