
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Այսօր հերթական դժգոհություններն են հնչել կապված այս տարեսկզբից ուժի մեջ մտած արտոնագրային վճարի մասին։ Օրեր առաջ ստոմատոլոգներն էին իրենց ձայնը բարձրացրել` ընդգծելով, թե մասնագիտական շատ նրբություններ հաշվի չեն առնվել օրենքը փոփոխելիս:
Այսօր էլ իրենց մասով են բողոքել Բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբլինսկին, անշարժ գույքի գործակալության տնօրեններ Մարինե Չատինյան եւ Լեռնիկ Եսայանը:
Արտյոմ Պրիբլինսկին դժգոհություններ ունի նաեւ նոր ներդրված շրջանառության հարկի հետ կապված: Նա պնդում է, որ հարկերի ծանրացումն իրենց միայն մեկ ուղի է թողնում` դեպի ստվեր, ստիպում ցույց չտալ աշխատողների իրական թիվը:
Ասվածին իր համոզմունքն է ավելացնում մեկ այլ անշարժ գույքի գործակալության տնօրեն՝ Լեռնիկ Եսայանը` հարցադրում անելով` ինչու պետք է այդ գործակալությունները 60 հազար դրամ վճարեն ամեն աշխատողի համար` անկախ այն բանից, աշխատողը բրոքեր է, չափագրող, գործավար, թե հավաքարար։
Ռիելթորները եւ անշարժ գույքի ոլորտում գործող տնտեսվարողները վաղը ծրագրում են խոշոր հանդիպում ունենալ եւ քննարկել իրենց հետագա անելիքները: Իսկ փոփոխությունների հեղինակները դեռ պարզաբանում չեն ներկայացնում: ՊԵԿ-ից խոստացան այս հարցին պատասխանել ավելի ուշ:




