
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները: Ուսումնասիրվել են նաեւ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները՝ հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերի, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
Բոլոր այն հաղորդումներով կամ հրապարակումներով, որոնք պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերեւույթ հատկանիշներ, գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ հաղորդումների թվում են Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի եւ մի շարք այլ քաղաքացիների հաղորդումները»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։




