

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացրել են այն ծրագրերը, որոնք ավանդաբար իրականացվում են ՀՀ- ում օտարերկրյա առաքելությունների հետ: Ֆրանսիական, ռուսական, գերմանական լավագույն ֆիլմերն այս տարի ևս երևանյան հանդիսատեսի ուշադրության կենտրոնում կհայտնվեն: Փառատոնի օրերին Մեծ Բրիտանիան այս տարի կներկայանա շեքսպիրյան բացառիկ ծրագրով:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվի համատեղ նախաձեռնություն: «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն վերջին շրջանում նկարահանված ֆրանսիական լավագույն ֆիլմեր: Կինոծրագրի բացումը կկայանա 2015-ին նկարահանված Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» ֆիլմով:
Միջազգային խաղարկային մրցույթում ներառված է Միա Հանսեն –Լյովեի «Գալիք» ֆիլմը՝ Իզաբել Յուպերի դերակատարմամբ: Փառատոնի օրերին ընդհանուր առմամբ կներկայացվեն 12 ֆրանսիական ֆիլմեր՝ խաղարկային և վավերագրական: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆեյի խոսքով՝ ֆրանսիացիների համար մեծ հաճույք է մասնակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որը համախմբում է կինոյի սիրահարներին հայկական ծիրանի անգնահատելի բույրով համեմված մթնոլորտում։
ՀՀ- ում Գերմանիայի դեսպանատան և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ «Ոսկե ծիրան»- ի շրջանակներում կիրականացվի նաև գերմանական կինոծրագիր: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի տեղեկացմամբ կցուցադրվեն «Բեռլինալեի» մրցութային ծրագրում ընդգրկված «24 շաբաթ», ինչպես նաև Կաննի կինոփառատոնում ՖԻՊՐԵՍՍԻ ժյուրիի մրցանակին արժանացած «Թոնի Էրդման» ֆիլմերը: Կներկայացվի գերմանահունգարացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:
Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կներկայացնի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրողի մահվան 400-րդ տարելիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական աշխատանքները:
«Լեհական կինոյի օր» ծրագրի շրջանակներում կցուցադրվի Լոկառնոյի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը: Փառատոնի տարբեր մրցութային ծրագրերում այս տարի ևս ընդգրկված են ռուսական արտադրության ֆիլմեր: «Ոսկե ծիրանն» այս տարի ակտիվորեն կլուսաբանի ռուսական «Մշակույթ» հեռուստաալիքը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին՝ «Զարեհ» ֆիլմով՝ «Մոսկվա» կինոթատրոնում: «Սա քրդական թեմայով առաջին ֆիլմն է, որին անդրադարձել է հայ կինոն դեռ 90 տարի առաջ»,- ասում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։
Ոսկե ծիրանն անպայման կանդրադառնա նաեւ իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աբաս Քիառոստամին, ով օրերս հեռացել է կյանքից: Կցուցադրվի նրա ֆիլմերից որևէ մեկը: Նշենք, որ Քիառոստամին երևանյան փառատոնի լավագույն բարեկամներից էր։




