Հասարակություն

Ինչպես հաղթահարել ամռան տապը

sonahakobyan

Ամառային եղանակը մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաեւ առաջացնել առողջական տարաբնույթ  խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանը։ Ամենաշոգ ժամանակահատվածը Արարատյան դաշտի համար հուլիսի 3-րդ եւ օգոստոսի առաջին տասնօրյակներն են: Ինչպես դիմակայել շոգին: «Ռադիլուրը» լսել է մասնագետի խորհուրդները:

 

Առաջիկա 5 օրերին զով եղանակը կպահպանվի հանրապետության տարածքում Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված։ Հատկապես երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում: Անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, մյուս մարզերում տեղումները կլինեն համեմատաբար կարճատև և քիչ քանակությամբ:

Անդրադառնալով եղանակային կտրուկ տատանումերին՝ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ դրանք միանգամայն նորմալ են և բնորոշ են ամռան այս սեզոնին:

Որքան էլ օդերեւութաբանները պնդեն, թե եղանակային նման տատանումները սովորական են ամռան այս շրջանում, հասարակությունը չի համակերպվում նման տատանումների հետ: Հատկապես զգայուն են տարեց մարդիկ և երեխաները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց ընտանեկան բժիշկ, էնդոկրինոլոգ Զառա Սահրադյանը:

Շոգին դիմակայելու համար բժշկուհին որոշակի խորհուրդներ տվեց, որոնց պետք է հետևեն ոչ միայն խոցելի խմբերը: Նկատելով, որ մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում հատկապես սիրտ-անոթային համակարգը՝ Զառա Սահրադյանը նշեց, որ սրտխփոցներն ու շնչահեղձությունն այս սեզոնին ավելի հաճախակի են դառնում:

Իհարկե՝ երկարատև պահպանվող բարձր ջերմաստիճանը որոշակի ռիսկեր է ստեղծում, բայց շատ ավելի ռիսկային է օդորակիչներով պայմանավորված ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը՝ նշեց բժշկուհին՝ հորդորելով չչարաշահել սենյակի օդը սառեցնող համակարգերի գործածությունը: Անհրաժեշտ է պահպանել միջին ջերմաստիճանային ռեժիմը:

Ի դեպ՝ նշենք, որ օդերեւութաբանության կենտրոնի պետը հայտնեց, որ սովորաբար ամռան ամենաշոգ օրերը հուլիսի վերջին և  օգոստոսի առաջին տասնօրյակներին են դիտվում: Այս տարին ևս բացառություն չէ՝ նկատեց Զարուհի Պետրոսյանը՝ նշելով , որ մինչ այդ եղանակային տատանումները շարունակվելու են:

Կարդացեք նաև

Back to top button