

Հայ ժողովուրդն իր տարաբնույթ տոների մեջ ունի նաև լեզվին ու մշակույթին նվիրված տոն: Հայ առաքելական եկեղեցին հոկտեմբերին տոնում է Թարգմանչաց տոնը: Տոնին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում այսօր բացված ցուցահանդես- տոնավաճառին հայկական հրատարակչությունները ներկայացրել են վերջին տարիներին թարգմանված և լույս ընծայված բազմաժանր գրականությունը:
«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Աստվածաշնչից հայերեն թարգմանված առաջին նախադասությունն է: Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հայ հոգևոր-մշակութային նոր շարժմանը, որը նաեւ հայոց ոսկեդարի սկիզբը դարձավ։ Հայ առաքելական եկեղեցին իր տոնացույցում հոկտեմբերին նշում է Թարգմանչաց տոնը: Եվ մինչ բուն տոնակատարությունը՝ կազմակերպվում են միջոցառումներ:
Երևանի քաղաքապետարանը նմանօրինակ մի միջոցառման նախաձեռնողն է: Մեկ հարկի տակ է հավաքել հրատարակչություններին, որոնք ընթերցողներին են ներկայացնում վերջին տարիներին թարգմանած ու հրատարակած բազմաժանր գրականությունը: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի խոսքով՝ ուրախալի է, որ հրատարակիչներն այսօր արդեն աշխատում են գրքի որակի և այն ավելի հրապուրիչ դարձնելու ուղղությամբ:
Թարգմանական աշխատանքն այսօր էլ շարունակվում է և հրատարակչությունները լծված են այդ սուրբ ու պատասխանատու գործին՝ տարբեր լեզուներից թարգմանելով տարբեր տարիքային խմբերին հետաքրքրող գրականություն և փորձելով այն նորովի ու առավել գրավիչ ներկայացնել ընթերցողին: Գաղտնիք չէ, որ ինտերնետի դարում տպագիր գրականությունն իր տեղը զիջում է օնլայն գրականությանը: Սակայն հրատարակչությունների ղեկավարները վստահեցնում են, որ ընթերցողներին գրքերի հրաշագեղ աշխարհ վերադարձնելու համար միշտ են փնտրում ուղիներ և նրանց խոսքով՝ արդյուքները գոհացուցիչ են:
«Զանգակ» հրատարակչությունը միջոցառմանը ներկայացրել էր տոնին համահունչ գրականություն: Հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանի խոսքով՝ տաղավարում ցուցադրված է տարբեր տարիքային խմբերին հետաքրքրող գրականություն: Հրատարակչությունն էլ իր մոտեցումներն ունի տպագիր գրականությունն ընթերցողին գրավիչ դարձնելու համար:
«Ջի Էս Էմ» հրատարկչության տնօրեն Սմբատ Գյուրջյանն էլ , ներկայացնելով իրենց հրատարակչության կողմից լույս ընծայած մանկական գունեղ գրականության տաղավարը, նշեց, որ մասնակցել են բազմաթիվ ցուցահանդեսների և, ուսումնասիրելով համաշխարհային փորձը, գտել են երեխաներին գրականության հետաքրքիր աշխարհ վերադարձնելու ուղիները:
Հրատարակչության տնօրենը նշեց, որ թեև աշխատանքներ տարվում են գիրքը ընթերցողին ավելի հետաքրքիր դարձնելու համար, սակայն կցանկանան, որ ընթեցողների բանակն ավելի մեծանա:




