

«2015 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության որոշմամբ ստեղծվել է ռազմական արդյունաբերության կոմիտե, շուտով կունենանք կոմիտեի նախագահ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Հարությունյանն անգամ գիտի, թե ով է նշանակվելու կոմիտեի նախագահի պաշտոնում,սակայն, այսօր անուններ չի հնչեցրել՝ հորդորելով մի քանի օր էլ սպասել:
«Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են ռազմական տեխնիկայի ստեղծմանը, ռազմամթերքների արտադրությանը, գիտական փորձաքննություն պետք է անպայման անցնեն հանձնաժողովբների միջոցով: Ռազմական արդյունաբերույթուն մենք միշտ էլ ունեցել ենք, որի նպատակն է եղել բավարարել հայկական բանակի կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծումը։ Այս ոլորտը պետության ուշադրության կենտրոնում է»,- ասել է գիտպետկոմի նախագահը՝ չհամաձայնելով այն պնդումների հետ, թե Հայաստանն ի վիճակի չէ ռազմական արդյունաբերություն ունենալ: Ոլորտի ներկայացուցիչներն էլ են կիսում գիտպետկոմի նախագահի կարծիքը, սակայն՝ միայն այս մասով: Մնացած հարցերում գիտության ոլորտի պատասխանատուի ու գիտնականների կարծիքները չեն համընկնում:
Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան երբևէ հայ գիտնականները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում: Պատճառը ապրիլյան պատերազմն է, քննրակումների առանցքում՝ ռազմական ոլորտում հայ գիտնականների ներուժի օգտագործումը: Մինչ պատկան մարմինները վստահեցնում են, որ ոլորտը բավարար ուշադրության է արժանանում, հայ գիտնականների ստվար մի հատվածը դժգոհում է իրենց նկատմամբ պետության վերաբերմունքից, նշում, որ անում են ավելին, քան՝ ստանում են: ԳԱԱ օրգանական ու դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը դժգոհ է և գիտության ոլորտի ֆինանսավորումից, և գիտնականների նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Նրա դժգոհություններին միանում է նաև գործընկերը՝ Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանը:
ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, սակայն, կարծում է, որ պետությունը ֆինանսավորում է այնքան, որքան կարողանում է: Ավելին, նշում է, որ մեր երկրում տարեցտարի ոլորտին տրվող հատկացումներն ավելանում են։ Այսպես, 2016-ին գիտության ոլորտի ֆինանսավորումը կազմում է շուրջ 14 մլրդ 200 մլն դրամ: 2015-ին՝ 13 մլրդ 800 մլն դրամ: «Երբեք էլ գիտության փողերը բավարար չեն լինում նույնիսկ ԱՄՆ-ում»,- մեզ հետ զրույցում ասում է գիտպետկոմի նախագահը:
«Գիտության նկատմամբ պետության վերաբերմունքը բավականին լավ է, քանի որ, այլ ոլորտների համեմատ, մեզ մոտ երբեք բյուջեի նվազում չի եղել, միշտ աճ է եղել։ 2007-ից ես կոմիտեի նախագահն եմ, աճ է եղել: Իհարկե աճը քիչ է, բայց պետության բյուջեն էլ է փոքր: Ընդհանրապես՝ փոքր է բյուջեն, Հայաստանի գիտական ներուժն ունակ է յուրացնելու երեք անգամ ավելի մեծ բյուջե, քան այսօր մենք ունենք։ Իմ հաշվարկներով մոտ 50 մլրդ դրամը մենք կարող ենք նորմալ օգտագործել և շատ լուրջ արդյուքն ստանալ»:
Վրաստանի գիտական բյուջեն ավելի փոքր է՝ «չնայած տնտեսական հնարավորությունները ավելի մեծ են»՝ ասում է զրուցակիցս։ Դրամից դոլարի անցնելով ներկայացնում է, հարևան Վրաստանում ոլորտին տրվող հատկացումները՝ 20 մլն դոլար, Հայաստանում՝ 32 մլն դոլար, շուրջ ութ մլն դոլար էլ կազմում են դրամաշնորհները։ Այսինքն՝ Հայաստանի գիտական ոլորտը տարեկան մոտ 40 մլն դոլար բյուջե ունի: Ադրբեջանի՝ ոլորտին տրվող հատկացումները կազմում են մոտ 110 մլն դոլար, սակայն, Սամվել հարությունյանը հիշեցնում է՝ Ադրբեջանի բնակչությունը երեք անգամ ավելի մեծ է, նավթային երկիր է, գիտության մեջ ընդգրկված է երեք անգամ ավելի մարդ՝ մոտ 20 հազար, Հայաստանում՝ մոտ 7500 մարդ զբաղվում գիտական գործունեությամբ: ԵԱՏՄ երկրներից ՌԴ ֆինանսական հատկացումները կազմում են ՀՆԱ-ի մեկ տոկոսը, Ղազախստանը՝ 0,6 տոկոսը, Հայաստանը՝ 0,3 տոկոսը:
«Ղազախստանը բավականին մեծ գումարներ է ծախսում, սակայն տված գիտական արդյունքներով մենք ԵԱՏՄ-ում առաջատար ենք: Հազար գիտնականի կամ բնակչության թվաքանակով, եթե նայենք, ապա ռեյտինգային ամսագրերում տպագրված հոդվածների թվով մեր հոդվածների վրա հղումների թվաքանակով ու որակով, մենք առաջատար ենք: Այդքան ողբալի չի մեր գիտության վիճակը։ Ես լավատեսորեն եմ տրամադրված»:
Գիտության պետական կոմիտեի նախագահը վստահեցնում է՝ տարեցտարի գիտության ոլորտը առաջընթաց է գրանցում՝ որպես ապացույց խոսում «Հորիզոն 2020»-ի մասին։ Սա ԵՄ ծրագիր է, որին միանցել է նաև ՀՀ-ն: «Հորիզոն 2020»-ի միջոցով ՀՀ ինստիտուտները, բուհերն ու տնտեսության մասնավոր հատվածը հնարավորություն կունենան ստանալ առաջավոր հետազոտական ծրագրերի, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորում:
«Եվրոպան ամեն մի պետության թույլ չի տալիս իր ծրագրերին մոտենալ: Առաջին դեպքն է, երբ մենք լիարժեք ասոցացվեցինք Եվրոպայի հետ գիտության ոլորտում»:
Նշենք, որ ծրագրի տևողությունը յոթ տարի է, ֆինանսական ծավալները 80 մլրդ եվրո։ Մեր երկիրը տարեկան 450 հազար եվրո անդամավճար է վճարելու՝ մասնակցության համար: Սա նվազագույն արժեքն է։ «450 հազար եվրոն նախատեսված 5 մլն եվրոյի 87 տոկոս զեղչի մասն է», -ընբդգծում է Սամվել Հարությունյանն ու վստահեցնում՝ օգուտները մի քանի անգամ ավելի շատ են լինելու:




