

Քանի դեռ չկա «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենք, խոսել պետական շարունակական աջակցությունից անհնար է՝ խոսելով բազմազավակ ընտանիքների խնդիրների մասին՝ այսօր նշել է «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» Հ/Կ նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը: Իսկ խնդիրները բազմազավակ ընտանիքներում հիմնականում վերաբերում են կենցաղային պայմաններին, սոցիալական վիճակին և կրթական մակարդակի բացակայությանը, որն ակնհայտ է երեխաների շրջանում: Հոգեբան Արկադի Մեհրաբյանը, ի հավելումը բացասականի, թվարկում է բազմազավակության դրական կողմերը՝ ընթանում է երեխաների ճիշտ սոցիալիզացիա, բարձ է լինում պատասխանատվության զգացումը:
«Բազմազավակ ընտանիքը պետության կապիտալն է»,- ասում է բազմազավակ մայր, «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» Հ/Կ նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը ու շեշտում, որ այսօր ոլորտն օրենսդրորեն կարգավորման կարիք ունի: Ըստ տիկին Հովսեփյանի, բազմազավակ ընտանիքների մասին օրենքի նախագիծ մշակվել է, անգամ ներկայացվել է օրենսդիր մարմին։ Փաստաթուղթը մերժվեց քանի որ այնտեղ ամրագրված աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ էր 20 մլրդ դրամ, որը պետության համեր մեծ բեռ է։
«Բազմազավակ ընտանիքներին այսօր հարկավոր են կենցաղային բարելավված պայմաններ, կրթական աջակցություն: Քանի որ բազմազավակ ընտանիքը պետության կապիտալն է, եթե ժամանակին ճիշտ ներդրում կատարեն երեխաների դաստիարակության և զարգացման համար, ապա ապագայում ընտանիքը կայուն կլինի, իսկ պետությունն էլ՝ ամուր»,- ասում է:
Երբ պետութունը բարձրացրեց ծննդյան միանվագ նպաստի չափը, այդ կերպ փորձ արվեց խթանել ծնելիությանը, «սակայն գումարի թվի ավելացմամբ՝ մեկ այլ իրավիճակի բախվեցինք»,- ասում է Մարգարիտա Հովսեփյանը և պարզաբանում՝ հայտնվելով ծանր վիճակում, միանգամից ընտանիքները մտածում են երեխա ունենալու և դրանով գումար վաստակելու մասին: Տեղեկացնենք, որ 50 հազար դրամ հատկացվում է առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, իսկ 1 մլն դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի, 1.5 մլն դրամ՝ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում: Իսկ պետության կողմից տրամադրվող նպաստը, եթե բազմազավակ ընտանիքը նպաստառու է, մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար հատկացնում է 7 հազար դրամ, լեռնային և սահմանամերձ գոտիներում բնակվող ընտանքիքներին՝ 7500 դրամ, իսկ որպես բազմազավակ ընտանիքի համար նախատեսված նպաստ, գոյություն չունի:
Հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ ներկայացնելով բազամազավակ ընտանիքներում մեծացող երեխաների հոգեբանական վիճակի մասին նշում է, բազմազավակությունը դրական երևույթ է, երեխաների սոցիալիզացիան ավելի ճիշտ է ընթանում, պատասխանատվության զգացումը բարձր է լինում, բայց կա մեկ բաց՝ ուշադրության դեֆիցիտ։ «Երեխան մինչև 10 տարեկան սովորում է անալոգիայով, վերցնում է այն, ինչ տեսնում է, իսկ շփումը դրա համար է անհրաժեշտ: Ծնողի ներկայությունը երեխայի կողքին շատ ավելի մեծ դաստիարակչական նշանակություն ունի, քան նրան երեք ժամ ինչ-որ բան բացատրես»:
Իհարկե, ուշադրության բացակայությունն էլ մեր օրերում բացատրվում է երկար աշխատելու և լրացուցիչ վաստակելու հանգամանքով՝ նկատում է հոգեբանը, և ընդգծում է 8 ժամյա աշխատանքին ավելանում է 4 և ավելի արտաժամյան աշխատանքը, արդյունքում՝ տուժում է երեխան:




