
տեղադրվել է ժամը 14։21- ին
լրացվել է ժամը 17։05- ին

Երեւանում մայիսի 13-ից 15-ն անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը որոշ չափով փակ մնաց լրագրողների համար: Քննարկված հարցերի մի մասի շուրջ հայ տնտեսագետներ դեռ կանխատեսումներ են անում, իսկ որոշ թեմաներ` արդեն վերլուծում: Մասնավորապես, ինչ է ակնկալում Հայաստանը ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի ընդունումից, ինչը պետք է արվի մինչեւ հոկտեմբեր: Որոնք պետք է լինեն Հայաստանի առաջնահերթ քայլերը, եւ հենց այս շրջանում հանրապետության վարչապետի հայտարարած նորացված պայքարը կոռուպցիայի դեմ ինչ հույսեր է ներշնչում։
ԵԱՏՄ-ն մինչեւ հոկտեմբեր նոր մաքսային օրենսգիրք կունենա: Ներկա տնտեսական զարգացումներն են պահանջում արդիականացնել միության շրջանակներում գործող մաքսային կարգավորումները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պարզաբանում է` սա նշանակում է, որ փոխադարձ առեւտրում աստիճանաբար տարբեր գներ ու վաճառքի տարբեր պայմաններ չեն լինի: Սա վերաբերում է նաեւ նավթի եւ նավթամթերքի շուկային, իսկ էներգակիրների շուկաներն այսօր հատկապես կարեւոր են մեզ համար:
Եվրամիությունից կես դար պահանջվեց առեւտրային մոտեցումների միասնականացման համար, հիշում է Մանասերյանը: ԵԱՏՄ-ից որքան ժամանակ կպահանջվի, ժամանակի հարց է, ասում է ու շեշտում` մինչեւ հիմա դեռ միության անդամ 3 երկրներն իրար մեջ չեն կարողանում այս մասով որոշում կայացնել: Բայց եթե նավթամթերքի միասնական շուկայի ստեղծումը հաջողվի, մյուս ապրանքների առեւտրի գծով ավելի հեշտ կստացվի, վստահ է Թաթուլ Մանասերյանը: Միաժամանակ տնտեսագետը իրատեսական է համարում մինչեւ հոկտեմբեր մաքսային օրենսգրքի մշակումն ու ընդունումը:
Մաքսային նոր օրենսգրքի կիրարկման պարագայում ապրանքների` ՀՀ ելք ու մուտքի ժամանակ կբացառվե՞ն արդյոք այսպես ասած «խորամանկ» մոտեցումները, ինչպիսիք դրսեւորվում էին, օրինակ, ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ ավտոմեքենա ներկրելու ժամանակ: «Ռադիոլուր»-ի հարցին անդրադառնալով` տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նախ նման մոտեցումները գեղջկական է անվանում, ապա նկատում, թե հաճախ սեփական խորամանկությունը սեփական գլխին է կոտրվում:
Մինչ օրս ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական հարաբերությունները լիովին կարգավորված չեն, բայց մաքսային նոր օրենսգրքի ամրագրումը խոստանում է ապրանքաշրջանառության համեմատաբար առավել կանոնակարգված վիճակ: Բոստանջյանը կողմ է պատժամիջոցների կիրառմանը թե կազմակերպությունների, թե պետությունների դեմ, եթե դրանք խախտեն նոր օրենսգիրքը: 23-2
ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի առաջնահերթ անելիքներից մեկը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համարում է մեր մուտքը ռազմարդյունաբերական համալիր: Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցներն առաջին հերթին ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ծրագրային ապահովումների մասով էին, ու դա լուրջ հարված հասցրեց այդ երկրին, հիշում է Մանասերյանն ու շեշտում` բայց սա հենց այն ոլորտն է, որտեղ Հայաստանը հրաշալի մասնագետներ ունի, ովքեր կարող են խնդիրներին իրենց լուծումն առաջարկել:
ՌԴ-ում գործող հայկական շինարարական ընկերություններին էլ պետական ուղղորդում է պետք, ու դրանք շատ հեշտ կլրացնեն թուրքական ընկերությունների բացակայությունը: Պահը բաց թողնել չի կարելի, կարծում է տնտեսագետը: վարդան Բոստանջյանն իր հերթին շարունակում է` զգաստանալու ժամանակն է:




