

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշմամբ` 1994 թվականից սկսած`ամեն տարի մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր: Հայաստանում եւս տոնն ամրագրվել է «Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մասին» ՀՀ օրենքում: Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա: Երբ ոտնահարվում են մեկ ընտանիքի իրավունքները, ապա վտանգվում է համամարդկային ընտանիքի միասնությունը, որի անդամ են հանդիսանում առանձին ընտանիքները: Այն, որպես հասարակության հիմնական տարր, եղել եւ մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը:
Իրականում ընտանիքի կայունության ու ամուսնալուծության հիմքում առաջին հերթին սոցիալական խնդիրներն են: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծվածների մեծամասնությունը մասնագիտական կրթություն չունի: Ամուսնալուծության պատճառներից է նաև զբաղվածությունն ու արտագնա աշխատանքը, նշեց նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը:
Տարածաշրջանում ամենանեծ թվով ամուսնալուծությունները գրանցվել են Վրաստանում: Միայն վերջին 10 տարվա ընթացքում ամուսնալուծություններն այստեղ մոտ 4 անգամ ավելացել են: Այս առումով Հայաստանը բավականին բարվոք վիճակում է: Ճիշտ է, ամուսնալուծությունների որոշակի աճ կա, բայց հիմնականում վիճակագրությունը կայուն է: Կայունություն է նկատվում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի փոխանցմամբ գրեթե նույնությամբ կրկնվում է նաև ամուսնությունների պատկերը: Ի տարբերություն Վրաստանի, որտեղ ամուսնությունների թիվը զգալիորեն կրճատվել է, Հայաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում վերջին 10 տարիների ընթացքում էական տարբերություն չի եղել:
Ի դեպ, տարեց տարի աճում է նաև ամուսնության միջին տարիքը: Հայաստանում, օրինակ, տղաների դեպքում ամուսնության միջին տարիքը 27-29-ն է, աղջիկների համար՝24-25 -ը: Ընդամենը 10 տարի առաջ աղջիկների դեպքում ամուսնության միջին տարիքը 20-ն էր:




