
տեղադրվել է ժամը 16։50-ին
լրացվել է ժամը

Քաղցրաշենի նոր ոռոգման համակարգը ե՛ւ հոսանք կխնայի, ե՛ւ նոր տարածքներ կջրի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուխնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգին նվիրված հերթական լսումների ընթացքում: Ի դեպ՝ լսումները այսօր դարձյալ անցել են թեժ մթնոլորտում: Գյուղացիների մի մասը բողոքի ակցիա է իրականցրել Գառնի մշակույթի պալատի դիմաց՝ չցանկանալով լսել մասնագետներին,մյուս մասն էլ ներս է մտել,բայց դրսում գտնվող գյուղացիների կողմից ստացել «դավաճան» որակումը: Քննարկմանը ներկա են եղել Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
«Ներս մտեք,ու ասեք ձեր պահանջները, ասեք, որ մենք մեր ջուրը չենք տա, ձեր խոսքը ասեք»,- Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը գյուղացիներին հորդորում էր մտնել Մշակույթի տուն ու մասնակից դառնալ հանրային լսումներին և ներկայացնել իրենց փաստարկները, թե ի՞նչու չեն ցանկանում,որ կառուցվի Քաղցրաշենի նոր ոռոգման համակարգը:
Սակայն գյուղացիների մի մասը գերադասեց մնալ դրսում, իսկ մյուս մասը, որ ցանկանում էր լսել պատասխանատուների փաստարկները, մտան Գառնի համայնքի Մշակույթի տուն, որտեղ և տեղի էին ունենում հանրային լսումները:
Բայց քննարկմանը մասնակցել ցանկացողներին դրսում կանգնածները պիտակավորում էին: Ստեղծվեց տհաճ իրավիճակ: Իսկ ներս մտնող գյուղացիները պարզապես ցանկանում էին ստանալ իրենց մտահոգող հարցերի պատասխանները, արդյո՞ք այս նոր համակարգի կառուցումով Ազատ գետը կցամաքի,արդյո՞ք Գառնին չի ունենա ոռոգման ջրի խնդիր, և այլն:
Արդեն ներսում Ջրային տնտեսության ԾԻԳ- ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը հայտարարեց,որ գյուղացիները զուր են մտահոգվում, որ Ազատ գետը կցամաքի, քանի որ Քաղցրաշենի նոր ոռոգման համակարգը ե՛ւ հոսանք կխնայի, ե՛ւ նոր տարածքներ կջրի:
Նշենք,որ այժմ Արտաշատի շրջակայքի 12 գյուղական համայնքների հողատարածքները ոռոգվում են պոմպերով (Ազատի ջրամբարից՝ Քաղցրաշենի պոմպակայանով): Մեխանիկական ոռոգումը չի ծածկում նշված համայնքների ողջ պահանջը. 1230 հա- ից ոռոգվում է միայն շուրջ 850-ը: Նոր ինքնահոս համակարգը թույլ կտա խնայել տարեկան 500 մլն դրամ (պոմպի էներգիայի ծախսը) և ընդլայնել ոռոգվող տարածքները:
Մարտիրոս Նալբանդյանը նշում է, որ սպառվելու է այնքան ջուր, որքան նախկինում, եւ Ազատ գետի ցամաքելու վտանգ չի ստեղծվում: Համակարգը կառուցվել է այնպես, որ գետում կպահպանվի 850 լ/վրկ-ից ոչ պակաս հոսք: Համակարգի մուտքը նախագծված է այնպիսի բարձրությամբ, որ եթե գետի մակարդակը լինի նախատեսվածից ցածր, ջուրը համակարգ չի մտնի:
Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն էլ նշեց, որ այս ծրագիրը բավականին երկար ճանապարհ ու բազմաթիվ փորձաքննություններ է անցել։
Հիշեցրեց՝ դեռ մեկ շաբաթ առաջ դարձյալ քննարկումներ են եղել, որի ժամանակ առաջ էին եկել մի շարք հարցեր, որոնք մնացել էին անպատասխան: Բայց մեկ շաբաթ անց անկախ փորձագետներով եկել են, որ բոլոր հարցերի պատասխաները տան, ,սակայն գյուղացիները չեն ցանկանում լսել ու երկխոսություն մեջ մտնել։
«Այն ջուրը, որը անհրաժեշտ է որպեսզի գետում լինի, այդ թողքը ապահովելու է ավտոմատ եղանակով, ու բացառված է, որ գետը ցամաքեցնելու միջոցով ջուր տեղափոխվի»,- շեշտեց Արամ Հարությունյանը։
Նշենք, որ ծրագիրը աջակցություն է նախատեսում նաեւ Գառնի համայնքին: Շուրջ 600 մլն դրամ կուղղվի Գառնիի մայր ջրանցքի և ներքին ցանցի նորոգմանը: Արդյունքում ջրի կորուստը կնվազի մոտ 35%-ով և կօգնի լրացուցիչ ոռոգել 280 հեկտար:
Սակայն գառնեցիները պնդում են՝ թույլ չեն տալու գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին ոռոգել Արտաշատի մերձակա գյուղերը: «Արդեն մոտ 2 տարի կլինի, որ մենք պայքարում ենք Գառնիի կիրճում էկոհամակարգի ոչնչացման դեմ, քանի որ այդ ծրագրի իրականացման դեպքում մենք կորցնում ենք մեր գետը: Բացի դրանից, գյուղն ինքը ոռոգման շատ մեծ կարիք ունի, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց ցանքատարածությունները, այգիները»,- ասում է Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Կարապետյանը:
Ի դեպ գյուղացիներն այս անգամ էլ փակեցին գյուղի ճանապարհը՝ ասելով, որ չեն պատրաստվում թույլ տալ տեղափոխել Ազատ գետի ջուրը։




