
տեղադրվել է ժամը 11։54- ին
լրացվել է ժամը 18։13- ին

Դեռ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին խոստացել էր կառավարության նիստի սկզբում ուշագրավ հայտարարություններ անել : Այսօր արդեն՝ դրանք հնչեցին՝ իսկ ելույթը կոռուպցիայի դեմ պայքարին, մենաշնորհներին, ազատ մրցակցային պայմաններ ունենալու մասին էին: Հովիկ Աբրահամյանն առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ ձևավորելու անհրաժեշտություն է նկատել, հայտարարել է, որ պետք է կրճատել այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները: Կառավարության ղեկավարի խոսքով, մայիսի 14-ից պարբերական շաբաթական քննարկումների շարք է սկսվելու:
Քառօրյա պատերազմը բոլորին ստիպել է վերաիմաստավորել կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Այս խոսքերով այսօր սկսվեց գործադիրի հերթական նիստը: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ՝ հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ինքն էլ պատասխանելով՝ «Այո։ Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ»։
Վարչապետը մատնանշեց հաջողության հասնելու ուղիներից մի քանիսը։ Ծախսերի ու գործուղումների կրճատում, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար. սրանք, ըստ կառավարության ղեկավարի, հաջողության հասնելու հերթական սկզբունքներն են։ Գուցե սոցիալական լարվածություն առաջանա՝ պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ պայմանավորված: Այսօր, սակայն, Արցախի և Մայր հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլերից ու որոշումներից՝ ասում է վարչապետը։
Իհարկե առաջարկված լուծումները արդյունավետ չեն լինի, եթե մեր երկրում չապահովվի կայուն և երկարատև տնտեսական աճ: Այն պետք է բերի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, ստեղծի նոր աշխատատեղեր և մեղմի սոցիալական լարվածությունը: «Միևնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետևողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում և ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունն ուղղելու ժամանակն է»։
Էկոնոմիկայի նախարարությունն ու ՏՄՊՊՀ-ն սեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, հանրապետությունում ներկայացված միջազգային կառույցների օժանդակութամբ պետք է վերլուծեն Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմանների վրա, և ստեղծված իրավիճակը շտկող արդյունավետ լուծումներ առաջարկեն:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նախ օրենսդրական վերանայումների, հետո նաև գործիքակազմերի ու փոփոխությունների անհրաժեշտություն է նկատում։
Ի դեպ՝ էկոնոմիկայի նախարարությունը շաքարի ներկրման հետ կապված կոնկրետ ուսումնասիրություն չունի։ Այն չի կարող ասել այս շուկան բաց է, թե՝ ոչ՝ հայտարարեց Մինասյանը՝ նշելով՝ կուսումնասիրեն շաքարի մուտքն ու շուկան , այդ ժամանակ էլ գնահատական կտան: էկոնոմիկայի նախարարը լրագրողներին խնդրեց ուսումնասիրել մայրաքաղաքի սուպեր մարկետներն ու պարզել, թե նրանք ինչպե՞ս են շաքար ներկում, ներկրելիս ի՞նչ խնդիրների առջև են կանգնում:




