
Մայիսի 8-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային Հեյդարով Ալի Ինթիգամ օղլուն (Heydərov Əli İntiqam oğlu)։ Նույն օրը Բաքվի գլխավոր հոսպիտալում մահացել է ապրիլի 2-ի մարտերում վիրավորված կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu): Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել է միայն սպանված շարքայինի մասին՝ նշելով, որ նա սպանվել է «հայկական գնդակից», իսկ վիրավոր սպայի մահվան մասին հայտնել է միայն ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։
Ադրբեջանի ԶՈւ կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu):
Ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի է դարձել նաև, որ Հեյդարով Ալին սպանվել է Թարթառի հատվածում։ Նրա դին արդեն տեղափոխել են ծննդավայր՝ Աբշերոնի շրջանի Գոբու գյուղաքաղաք։
Ի դեպ, ապրիլյան մարտերի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից որևէ մեկի անուն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի ներկայացրել իր կայքում, ավելին` պաշտոնապես հայտնել է միայն 33 կորստի մասին:
Հավելենք նաև, որ Razm.info-ին հաջողվել էր պարզել ապրիլի 2–5 լայնածավալ ռազմական գործողություններում Ադրբեջանի ԶՈւ 94 սպանված զինծառայողի ինքնությունը։ Ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 97 մահացած զինծառայողի ինքնություն, իսկ մայիսի 1-ից՝ ևս 4 զինծառայողի ինքնություն՝ ներառյալ այսօրվա նշվածները։




