Միջազգային

Ով կփոխարինի Դավութօղլուին. շրջանառվում է Էրդողանի փեսայի անունը

Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության արտահերթ համագումարում վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է զրկվել պաշտոնից, հայտնում է Reuters-ն իր աղբյուրներին հղումով: Դավութօղլուի մոտալուտ պաշտոնանկության մասին տեղեկությունը գործակալությունը ստացել է Թուրքիայի իշխող կուսակցությունում մի քանի աղբյուրից, նրանք հայտնել են այդ մասին նախագահ Էրդողանի հետ Դավութօղլուի 1,5-ժամանոց հանդիպումից հետո: Գործակալությունը նշում է, որ հանդիպումը հաջորդել է երկու առաջնորդների հարաբերությունների արդեն մի քանի շաբաթ տևող լարվածությանը:

«Վարչապետն ու նախագահը համաձայնության են եկել համագումար անցկացնելու հարցում: Չեմ կարծում, որ Դավութօղլուն կրկին կլինի թեկնածու»,-ասել է գործակալության զրուցակիցը: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 15 օրերի ընթացքում համագումար կհրավիրի, որի ընթացքում նոր առաջնորդ կընտրի։ Bloomberg-ի տվյալներով՝ Դավութօղլուն, որն այժմ զբաղեցնում է այդ պաշտոնը, չի մասնակցի պայքարին։ Այդ դեպքում, հավանաբար, նա կլքի Թուրքիայի կառավարության ղեկավարի պաշտոնը։

Ի դեպ, տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն առաջիկա ամսում կարող է լքել պաշտոնը, հանգեցրել են դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի՝ 2008 թվականից ի վեր ռեկորդային անկմանը։ Մայիսի 4-ին թուրքական արժույթը 3.9 տոկոսով անկում է գրանցել։

Վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի հարցը Թուրքիայում ներքաղաքական կյանքի ամենաքննարկվող թեման դարձել է: Թուրքական որոշ լրատվամիջոցներ շրջանառում են վարչապետի պաշտոնի համար մի քանի թեկնածուների անուններ, նրանց թվում է նաև Էրդողանի փեսան՝ Էներգետիկայի նախարար  Բերաթ Ալբայրաքը:

 

Կարդացեք նաև

Back to top button