Քաղաքական

Միջազգային արձագանքները դեռ կլսենք՝ ասում են ԵԽԽՎ մեր պատվիրակները

lenabadeyan

Անցած շաբաթ Ստրասբուրգում թեժ էր: ԵԽԽՎ նստաշրջաններից այս մեկը թերեւս ամենալարվածն էր հայկական պատվիրակության համար: Ադրբեջանական ապրիլյան ագրեսիային հայ պատգամավորները փորձել են պատասխանել այնտեղ՝ լիագումար նիստերում, առանձին հանդիպումներում ներկայացնելով իրողությունը: Հայ պատվիրակներն այսօր հավաստիացնում են, որ շուտով ստրասբուրգյան արձագանքները լսելի են լինելու, հատկապես, երբ Ադրբեջանը չի դադարեցնում իր սադրիչ քայլերը։

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի վերջին քայլը, որով նա փորձում է միակողմանի չեղարկել 1994 թվականին ստորագրված զինադադարի անժամկետ եռակողմ համաձայնագիրը, վկայում է, որ այդ պետությունը քաղաքական որոշում է կայացրել եւ պատրաստ է հատել այսպես կոչված «կարմիր գիծը»:  Աժ պատգամավորները, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Հայաստանն ակտիվորեն պետք է աշխատի՝ միջազգային համայնքին ապացուցելու, թե որ երկիրն է իրականում «ագրեսոր պետություն»:

Քննադատությունների հասցեականությունն ապահովելու համար Ստրասբուրգում հայ պատվիրակներն արել են կոնկրետ քայլեր։ Ոորոշների մասին չեն բարձրաձայնում՝ պատճառաբանելով, թե «շատ քայլեր դիվանագիտության մեջ պետք է արվեն լուռ»: Հավաստիացնում են, որ մոտ ապագայում այդ հանդիպումների արդյունքը հանրությունը կզգա:

Քաղաքական տարբեր խմբերում, հանձնաժողովներում աշխատելուց եւ անհատական ելույթներից բացի հայ պատգամավորները հանդիպում են ունեցել 10-ից ավելի ազգային պատվիրակությունների հետ: Գնացել էին պատրաստված՝ ապրիլյան չորսօրյա պատերազմի եւ ադրբեջանցիների վայրագությունների մասին ներկայացրել են փաստեր եւ լուսանկարներ: «Ավելի շատ են Ադրբեջանին դատապարտող եւ ավելի շատ են Ադրբեջանի գործողություններից «շոկի» մեջ ընկնող պատգամավորները: Նրանք պարզապես ապշած մի քանի անգամ հարցնում էին՝ արդյո՞ք սա իրական է, արդյո՞ք սա տեղի է ունեցել»,- եվրոպացի պատգամավորների արձանգանքների մասին է պատմում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Հայաստանյան  պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն առանձին հանդիպում է ունեցել նաեւ եԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Ի թիվս այլ փաստերի՝ ներկայացրել է, թե ինչ վիճակում են հայկական կողմին ադրբեջանցիները փոխանցել զոհված զինծառայողների մարմինները: Նիլս Մուժնիեկսի առարկայական արձագանքը նույնպես շուտով զգալու ենք, համոզված է ԱԺ փոխնախագահը:

«Ապրիլյան իրադարձություններին արձագանքելիս հատուկ շեշտադրում կատարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ժամանակ եւս մեկ անգամ իր անդրադարձերը կապված էին հենց այդ դիրքորոշման հետ, որ Եվրոպայի տարածքում չպետք է լինեն «սեւ տարածքներ», տարածքներ, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չի գործում կամ որտեղ մարդկային իրավունքները պաշտպանված չեն: Դրանց թվում առաջին հերթին բարձրաձայնելով ԼՂ բնակչության ապրելու իրավունքը:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նախագահ՝ իր հակահայկական հայտարարություններով հայտնի Պեդրո Ագրամունտի հետ հանդիպմանը, ապա տիկին Նաղդալյանի ներկայացմամբ՝ <այնպես չէ, որ 70 տարեկան մարդուն պետք է փորձենք վերադաստիարակել>: Եվրոպացի պատգամավորին, սակայն, հիշեցրել են, որ այդ պաշտոնը պարտավորեցնում է, ունի որոշ շրջանակներ եւ արված հայտարարությունները պետք է արտահայտեն եվրոպական 47 երկրրի խորհրդարանականների կարծիքը, որոնք արվում են 800 միլիոն եվրոպացիների անունից: Ի դեպ՝ ԵԽԽՎ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառույցի ղեկավարը աննախադեպ քանակով բանավոր եւ գրավոր կշտամբանքներ է լսում իր գործխունեության մասին: ԵԽԽՎ նախորդ նախագահ Մեւլութ Չավուշօղլույից առավելապես դժգոհ էին հայերը, Պեդրո Ագրամունտի դեպքում դժգոհություններ կան նաեւ եվրոպացիների կողմից:

Կարդացեք նաև

Back to top button