Ցեղասպանություն 100Քաղաքական

Եթե աշխարհը ժամանակին ճանաչեր հայերի ցեղասպանությունը, նույնը չէր կրկնվի եզդիների հետ.վերապրած

alisagevorgyan
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարված  ու հրաշքով վերապրած ազգությամբ եզդի Նադիա Մուրադի միակ երազանքն է, որ այլևս ոչ ոք չզգա այն, ինչ ինքն է զգացել: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած  մարդու իրավունքների եզդի պաշտպանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր պատմել է այն դժոխքի մասին, որով անցել է 1.5 տարի առաջ: Գերությունից նա կարողացել է փախչել բարի մարդկանց շնորհիվ: Նադիա Մուրադը եզակի եզդի կին գործիչներից է, որ Իրաքի եզդիների ցեղասպանության հարցը բարձրաձայնել է ամբողջ աշխարհով: Նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ում և հանդիպումներ  ունեցել մի շարք երկների առաջնորդների հետ` ներկայացնելով 2014 թվականին եզդիների հետ տեղի ունեցածը:

 

Նադիա Մուրադը հազարավոր եզդի կանանց հետ գերեվարվեց ԴԱԻՇ-ի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալի գրավման ժամանակ:  Իսլամական պետության զինյալները սպանել են   նրա  վեց եղբայրներին: Նադիան կորցրել է նաև մորը, եղբայրների չորս կանանց ու նրանց վեց երեխաներին: «Ես ապրում էի Շանգալի Քոչու եզդիաբնակ գյուղում: Երկու ժամվա ընթացքում իսլամիստները սպանեցի մեր գյուղի 700 տղամարդկանց: Պայթեցրեցին մեր սրբավայրերը: 4-12 տարեկան երեխաներին մայրերից պոկելով տանում էին իրենց հետ, որպեսզի օգտագործեն որպես զինվորներ: Եզդի կանանց ու աղջիկներին գերևարեցին ու տարան   Թելաֆար: Շանգալում իսլամիստները սպանեցին հազարավոր եզդի տղամարդկանց, 6000 կանանց առևանգեցին»,-պատմում է Նադիա Մուրադը:

Գերությունից Նադիային հաջողվել է փախչել, հասել է մինչև Զախո քաղաք, որտեղից էլ հետո տեղափոխվել  Գերմանիա:  «Ոմանք փախել են իսլամիստներից , որոշ կանանց հաջողվել է գնել նրանցից, բայց մինչ օրս շուրջ 3500 եզդի կանայք գտնվում են իսլամական պետության գրոհայինների  ձեռքում: Նրանց ձեռքում է Շանգալի շուրջ 40 տոկոսը: Այդ տարածքներում հազարավոր եզդիների դիակներ կային, պարզապես արևի տակ թափված: 1.5 տարի անց նրանց ոսկորներն անգամ դժվար է գտնել»,-ասում է Նադիան:

Նադիա Մուրադը եզակի եզդի կին գործիչներից է, որ Իրաքի եզդիների ցեղասպանության հարցը բարձրաձայնել է տարբեր ամբիոններում:  Նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ում և հանդիպումներ  ունեցել մի շարք երկների առաջնորդների հետ` ներկայացնելով 2014 թվականին եզդիների հետ տեղի ունեցածը: Իր ժողովրդին պատուհասած աղետի մասին Նադիան պատմեց նաև  երեկ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասնակիցներին: Երևանյան մի շարք հանդիպումների, այդ թվում և պաշտոնատար անձանց հետ, Նադիան այսօր կիսվեց իր ջերմ տպավորություններով ու երախտագիտությամբ:

Նադյա Մուրադին ցավ է պատճառում այն հանգամանքը, որ աշխարհն անտարբեր է այնպիսի ողբերգության նկատմամբ, ինչպիսին մի ողջ ազգի ոչնչացումն է: Նա համոզված է՝ իր ժողովուրդը չէր ապրի ցեղասպանության ցավը, եթե աշխարհը ժամանակին ճանաչեր ու դատապարտեր հայերի ցեղասպանությունը:

Back to top button