ԿարևորՔաղաքական

Մաթիաս Քիսլեր, Այժմ նոր դինամիկա կա հակամարտությանը խաղաղ ու վերջնական կարգավորում տալու առումով

lianaeghiazaryan

Այժմ նոր դինամիկա կա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու վերջնական կարգավորում տալու գործընթացում, բայց դրա համար հրադադար պետք է պահպանել երկու կողմերում էլ, այսօր հայտարարել է  Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը` պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, թե ժամանակը չէ՞ արդյոք հանել ԼՂ հակամարտության կողմերի միջեւ դրվող հավասարության նշանը` տարբերակելով խաղաղ բնակչությանը սպանող ու զինվորների դիերը խոշտանգող ագրեսորին սեփական հողերի համար պայքարողից: Դեսպանը խոսել է նաեւ Գերմանիայի կողմից շրջանառության մեջ դրված ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված նոր փաստաթղթի մասին:

Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, արդյոք ժամանակը չի համարում արցախյան հակամարտության հարցում հանել հավասարության նշանը հայկական եւ ադրբեջանական կողմերի մեջտեղից. հարց ուղղեց «Ռադիոլուրը» Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին` միաժամանակ հետաքրքրվելով` ի վերջո ճիշտ չէ՞  դիտարկել Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր, որը սպանում է խաղաղ բնակչությանը եւ գլխատում զինվորներին ու խոշտանգում նրանց դիերը, ինչը փաստ է եւ ինչը ռազմական հանցագործություն է:

«Հայկական կողմի վերջին զեկույցները զինվորների մարմինների խոշտանգման դեպքերի մասին ի գիտություն ենք ընդունել»,- ասաց դեսպանը: Մենք որպես ԵԱՀԿ նախագահող երկիր ուշադրությամբ հետեւում ենք իրադարձություններին, բայց այս պահին դեռ չենք կարող հստակ ասել, թե հետագա քայլերի ինչ մեխանիզմներ կան: Գերմանական կողմի անտարբեր դիրքորոշման մասին հարցին ի պատասխան դեսպանը խորհուրդ է տալիս սպասել, բացատրում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է քննարկումները` խնդիրը խաղաղ հուն վերադարձնելու ուղղությամբ:

«Վերջին շաբաթվա ընթացքում իմ աշխատանքի ամենակարեւոր մասը հենց այս հարցով զեկուցումներն էին Բեռլին: Ռազմական գործողությունների վերսկսկումը, անշուշտ, հետքայլ է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերից: Գերմանիայի  արտգործնախարար Շտայնմայերը, ով նաեւ ԵԱՀԿ նախագահն է, անհապաղ զանգ է տվել Հայաստան եւ Ադրբեջան` հորդորելով երկուստեք պահպանել զինադադարը»,- ասում է դեսպանը:

Արդյո՞ք երկու կողմերին ուղղված երկարատեւ ոչ հասցեական վերաբերմունքն ու չեզոք կոչերը չեն հենց ապրիլյան լարվածության հիմքում. հարց ուղղեցինք:  «Ես այժմ ավելին ասել չեմ կարող, քան այն, որ, իմ պատկերացմամբ, այժմ նոր դինամիկա կա հակամարտությանը խաղաղ ու վերջնական կարգավորում տալու առումով: Բայց կրկնում եմ` դրա  համար հրադադար պետք է պահպանել երկու կողմում էլ»:

Իսկ ինչու գերմանական կողմը չի կարեւորում արձանագրել, թե որ կողմն է եղել նախահարձակ ու ավելի հասցեական կոչերով դիմել հակամարտության կողմերին: Իրեն ուղղված կրկնվող հարցին ի պատասխան` Գերմանիայի դեսպանը նկատեց, թե ինքը դեռ հիմնավոր տեղեկություններ չունի` ինչպես են զարգացումներն ընթացել ապրիլի երկուսին: «Ասացի այն, ինչ պետք է ասեի: Մնացած եզրահանգումները թողնում եմ Մինսկի խմբի եռանախագահներին, որոնց մենք լիովին աջակցում ենք»,- շարունակեց դիվանագետը:

Հայաստանի նախագահի բեռլինյան վերջին այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ գոյություն ունի խնդրի կարգավորման ծրագիր` բաղկացած 7 կետից: Ինչ է սա ենթադրում, ու արդյոք այն դրված է Մինսկի խմբի քննարկումների հիմքում: «Այո, այդպիսի փաստաթուղթ կա: Սա ներքին փաստաթուղթ է, ու կրկնում եմ` հիմնադրույթներից մեկը զինադադարի պահպանումն է: Այս ծրագրում խնդրի վերջնական լուծման մասին խոսք չի գնում, դա բացառապես Մինսկի խմբի համանախագահներին է վերապահված: Իսկ արդյոք գերմանական փաստաթուղթը դրվել է հենց Մինսկի խմբի քննարկմանը, տեղյակ չեմ»:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ էլ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ հարցազրույցում շեշտել էր, որ ԵԱՀԿ նախագահությունն այս տարի ստանձնած Գերմանիան հետեւողականորեն առաջ է մղելու հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման նախաձեռնությունը:

Կարդացեք նաև

Back to top button