
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չեն որոշվել հակամարտության կարգավորման վերաբերյալ հետագա քայլերը»,- հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«ՌԻԱ- Նովոստի» գործակալության փոխանցմամբ, համանախագահները զեկույց ներկայացնելու համար մի քանի շաբաթից նախ կմենկեն Բեռլին, այնուհետև՝ ԵԱՀԿ կենտրոնակայան՝ Վիեննա։ «Նրանք այդ տարածաշրջանում են և կմնան այնտեղ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է Զանիերը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ն Ղարաբաղում իրավիճակի վատթարացման դեպքում հատուկ նիստ է գումարելու: «Իհարկե, եթե իրավիճակը բացասական զարգացում ստանա, մենք հատուկ նիստ կհրավիրենք: Հակառակ դեպքում` մենք դեռևս ոչինչ չենք ծրագրել մինչև համանախագահների վերադարձը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Լամբերտո Զանիերը նաև տեղեկացրել է, որ ապրիլի վերջին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մտադիր է քննարկել Ղարաբաղյան խնդիրը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի ներդրումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում դրական է և կստեղծի պայմաններ բանակցությունների նոր փուլի համար, որը կլինի նախորդ բանակցություններից ավելի կառուցողական:




