Հասարակություն

Ինչպես դուրս գալ պահքից.ԱՆ խորհուրդները

Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի օրերն առողջական  խնդիրներից, սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով Սուրբ Զատիկի կերակրատեսակները պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն հետևել սննդի պատրաստման անվտանգության կանոններին։

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, այդ կանոնները հետևյալն են.
• Ձուկը  մաքրել  և լվանալ հոսող խմելու ջրով: Հում ձուկը և միսը մշակելիս օգտագործել խոհանոցային առանձին պարագաներ՝ կտրտման տախտակ, դանակ։ Օգտագործելուց հետո դրանք պետք է լվանալ տաք օճառաջրով, պարզաջրել և վերջում ողողել եռացած ջրով:
• Խոհանոցային առանձին պարագաներ օգտագործել նաև եփված և հում սննդամթեքը կտրտելիս, սառնարանում դրանք պահպանել առանձին տարաներում:
• Կանաչեղենը մաքրել և մոտ 10 րոպե  լվանալ խմելու հոսող ջրով:
• Ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով  և տաք ջրով սնունդ պատրաստելուց առաջ  և պատրաստելու ընթացքում պարբերարար,  հատկապես` հում մթերքը մշակելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ:
• Մթերքը ենթարկել պատշաճ ջերմային մշակման:
• Մթերքը պահել ճիշտ ջերմաստիճանում: Եփած մթերքը պետք է պահել սառնարանային  պայմաններում՝ +2-+6 0C. եփած ձուկը ` 24- 48 ժամ, եփած միսը՝ 24-36 ժամ, եփած ձուն՝ 24 ժամ, եփած բրինձը՝ 12 ժամ, բանջարեղենային աղցանները՝  18 ժամ։
• Ներկել պետք է  չվնասված, ամբողջական կեղևով ձուն:  Նախքան եփելն այն պետք է լվանալ, այնուհետև եփել ջուրը եռալուց հետո առնվազն 10 րոպե:
• Ձվերը պետք է ներկել միայն բնական ներկերով: Ավանդաբար ընդունված է Զատկին ձուն ներկել կարմիր գույնով: Կարմիր գույն ստանալու լավագույն միջոցը կարմիր սոխի կճեպն է կամ տորոն բույսի կարմիր արմատները: Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, ապա այն կարելի է ստանալ բանջարեղենի ու համեմունքների օգնությամբ: Օրինակ` դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկի մեջ եփված ձուն եռացնելով: Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն,  սպանախը՝ կանաչ, կարմիր կաղամբի միջոցով կարելի է ստանալ կապույտ ձու, ստեպղին օգտագործելիս կարելի է ստանալ նարնջագույն երանգ:

Կարևոր է հիշել հետևյալը

Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար: Քանի որ բավական երկար ժամանակ միայն բուսական սնունդ օգտագործելով  մարսողական համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվում, և մարդու օրգանիզմը հարմարվում է զուտ բուսական սննդի յուրացմանը: Միս և կենդանական ծագման այլ սնունդ յուրացվելու  համար օրգանիզմին որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Ցանկալի է սկզբից օգտագործել  առավել հեշտ յուրացվող մսամթերք՝ ձուկ և հավի միս, խուսափել յուղոտ տավարի, ոչխարի, խոզի մսից, սնկից:

Կարմիր գինին ևս պետք է օգտագործել չափավոր` օրվա ընթացքում 100-200մլ: Խուսափեք քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումից: Դրանք պարունակում են  մեծ քանակությամբ ազատ շաքար, արհեստական հավելումներ՝ ներկանյութեր, կոնսերվանտներ, համաբուրավետիչներ, որոնք վնասակար են առողջությանը: Զատիկի սեղանին ցանկալի է օգտագործել միայն բնական հյութեր:
Խորհուրդ է տրվում նաև կերակրատեսակները պատրաստել եփման, շոգեխաշման միջոցով, աղցանները լցոնել ոչ թե թթվասերով ու մայոնեզով, այլ` բուսայուղերով:

Կարդացեք նաև

Back to top button