
Նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, խորհրդի արտագնա նիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի,
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված՝ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներն ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների և օդանավի անձանակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ-ի առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները:




