Տնտեսական

«Արմենիա»- ն առաջին չվերթը կիրականացնի Երեւան- Մոսկվան- Թել Ավիվ

karenghazaryan

Ապրիլի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Թել Ավիվ իր անդրանիկ չվերթը կիրականացնի «Արմենիա» ավիաընկերությունը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել են ընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին եւ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ավիաընկերության առաջիկա ծրագրերը: Ավիաընկերության վրացի սեփականատերը անդրադարձել է նաեւ Հայաստանում նախորդ երկու ավիափոխադրողների սնանկանալուն առնչվող լրագրողի հացին՝ շեշտելով, թե տեղյակ չէ նրանց սնանկանալու պատճառների մասին, բայց կարծում է, որ իրենք հաջողություն կունենան: «Անձամբ ես ծրագրեր ունեմ, որ 2-4 տարի անց կունենանք կայուն եկամուտներ»,- ասել է Թամազ Գաիաշվիլին:

 

«Արմենիա» ավիաընկերությունը մեծ հավակնություններ, մեծ ծրագրեր ունի: Ավիաընկերության բաժնետերերը տեղեկացրին, որ կանոնավոր չվերթեր են իրականացնելու Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա եւ այլ քաղաքներ, թռիչքներ կլինեն նաեւ Թեհրան, Պրահա, Թել Ավիվ, Կիեւ, Մինսկ, Բարսելոնա, Լառնակա եւ Լոնդոն:

«Բնականաբար, մեր թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի եւ ավիաընկերությունն իր ծրագրերը կիրականացնի այնպես, որ Հայաստանի բնակչությունը գոհ մնա, որպեսզի գները լինեն ոչ շատ բարձր, այնպես որ՝ դրանք շատ ցածր գներ կլինեն այն խավերի համար, որոնց համար մենք ծառայություններ ենք մատուցելու»,- շեշտեց «Արմենիա» ավիաընկերության 24 տոկոս բաժնեմասի վրացի սեփականատեր Թամազ Գաիաշվիլին:

Ավիաընկերության մնացած բաժնեմասերը պատկանում են հայազգի գործարարներ Աշոտ  Թորոսյանին եւ Ռոբերտ Հովհաննիսյանին:

Ավիաընկերության 24 տոկոսի բաժնետեր Ռոբերտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընկերությունն արդեն երկու շաբաթ առաջ համապատասխան սերտիֆիկատը ստացել է, իսկ արդեն նախանշած ուղղություններով թռիչքների թույտվությունն ստանալու հայտերը ներկայացված են: Թույլտվություն ստանալուն  պես «Արմենիա» ավիաընկերությունը կսկսի չվերթեր իրականացնել:

Ավիաընկերությունը չվերթեր է իրականացնելու հիմնականում «Բոինգ» ինքնաթիռներով: Ապրիլին կլինի երեք ինքնաթիռ, իսկ արդեն հուլիսին դրանց թիվը կավելանա: Օդաչուները Հայաստանի քաղաքացիներ են  և արդեն Երևանում են, իսկ ինժեներատեխնիկական կազմն էլ շուտով կլինի Երևանում, տեղեկացրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա ասաց, որ շատ մասնագետներ են ցանկություն հայտնել վերադառնալ եւ աշխատել հայրենիքում:

Ավիաընկերության գնային քաղաքականության մասին էլ Ռոբերտ Հովհաննիսյանը հետեւյալը հավելեց. «Սակագները կլինեն այնպիսին, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց խնդիրների գնել տոմսեր և թռչել այնտեղ, որտեղ իրենց պետք է: Մենք առավելագույնս ջանալու ենք՝ մատուցելու այնպիսի ծառայություններ, որ մրցունակ լինի այն ավիաընկերությունների հետ, որոնք մրցակից կլինեն այս շուկայում»:

Շարունակելով գնային քաղաքականության թեման՝ Թամազ Գաիաշվիլին էլ հավելեց, որ գներն իրենք արդեն հրապարակել են՝ 49 եվրոն կլինի նվազագույն գինը: Դա, սակայն, վրացի գործարարի պարզաբանմամբ, այն տոմսերի արժեքն է, որոնք կգնվեն 2 ամիս առաջ եւ դրանք ետ վերադարձնելը հնարավոր չի լինի: Նա միաժամանակ նաեւ շեշտեց, որ դա մաքուր սակագինն է եւ դրանցում հաշվի առնված չեն օդանավակայանի ծառայությունների արժեքն ու այլ հարկերը:

Բաժնետերերն անդրադարձան նաեւ «Արմենիա» ավիաընկերության վերաբերյալ  մամուլում շրջանառվող խոսակցություններին՝ վստահեցնելով, որ Հայաստանի ղեկավարությունից որեւէ մեկը ներկայացված չէ  «Արմենիա» ավիաընկերությունում: Վրաց բաժնետեր Թամազ Գաիաշվիլին էլ նկատեց, որ մենք ապրում ենք այնպիսի աշխարհագրական տարածաշրջանում, որ Հայաստանի համար ավիացիան շատ կարեւոր է: «Հետեւաբար, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները կաջակցեն ինչպես մեզ, այնպես նաեւ ցանկացած այլ ավիաընկերությունների»,- եզրափակեց վրացի գործարարը:

Կարդացեք նաև

Back to top button