

Կանանց միամսյակին ընդառաջ` կանաց իրավունքների և ընտանեկան բռնության մասին են այսօր խոսել Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանն ու Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը: Ներկայացնելով Հայաստանում ընտանեկան բռնության պատկերը՝ փաստաբանն ու հոգեբանը նկատել են, որ կանայք աստիճանաբար ավելի ու ավելի են սկսում գիտակցել և պաշտպանել իրենց իրավունքները, ինչի արդյունքում էլ աճել է կենտրոններ ահազանգերի թիվը: Թեև հոգեբան Աիդա Առաքելյանը չի բացառել, որ ահազանգերի աճը պայմանավորված է նաև ընտանեկան բռնության դեպքերի ավելացմամբ: Ահազանգերի գերակշռող մեծամասնությունը վերաբերում է հոգեբանական բռնությանը:
Միայն անցյալ տարի և միայն Կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծով ստացվել է 2023 ահազանգ, որից 935-ն առաջնային: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրական 2-3 կին ահազանգում է ընտանեկան բռնության մասին: Իհարկե` այս թիվը նախորդ տարիների համեմատությամբ աճել է, բայց կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը չի կարող միանշանակ ասել, թե արդյո՞ք այդ աճը դիմելիությամբ է պայմանավորված, թե՞ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն են շատացել:
Ահազանգերի գերակշռող մեծամասնությունը վերաբերում է հոգեբանական բռնությանը: 41 տոկոսը ֆիզիկական բռնության դեպքերն են և միայն 2 տոկոսը սեռական բռնության: Կենտրոնին հիմնականում դիմում են 25-35 տարեկան կանայք: Իհարկե՝ ողջունելի է, որ կանայք տարեց տարի ավելի շատ են գիտակցում իրենց իրավունքները և անհրաժեշտության դեպքում դիմում մասնագիտական խորհրդատվության և պաշտպանության, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե ի վերջո ընդունվեր ընտանեկան բռնության մասին օրենքը, որը տարիներ շարունակ մշակվել, բայց այդպես էլ չի ընդունվել, նկատում է Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը:
Թեև օրենքը չի ընդունվել, բայց տարեց տարի շատանում են նաև դատարանում զոհերի օգտին ընդունված որոշումները: Փաստաբանն այս հանգամանքը ևս կապում է կանանց իրավագիտակցության մակարդակի բարձրացման հետ և բռնության ենթարկված բոլոր մյուս կանանց խորհուրդ տալիս չհանդուրժել բռնությունը և մինչև վերջ հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը:




